Հայաստանի պետական կամերային երգչախումբը կներկայանի Եղիշե Չարենցի և Ավետիք Իսահակյանի պոեզիայի հիման վրա ստեղծված Տիգրան Մանսուրյանի խմբերգային արվեստի լավագույն ստեղծագործությունները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը մի շատ ուշագրավ դիտարկում արեց՝ անդրադառնալով Տիգրան Մանսւրյանի խմբերգային ստեղծագործություններին․ - «Ես այսօր համարում եմ, որ մեր ազգը ունի շարունակություն: Մեծն Կոմիտասի երաժշտությունից հետո խմբերգային արվեստը համենայն դեպս շարունակություն ունի ի դեմս Տիգրան Մանսուրյանի, որը համաշխարհային բարձր որակի խմբերգային ստեղծագործություններ է ստեղծագործում, դեռ շարունակում է ստեղծագործել»:
Ռոբերտ Մլքեյանն ասաց, որ Ավետիք Իսահակյանի պոեզիայի հիման վրա առավելապես ժողովրդական երգեր են ստեղծվել, բայց Մանսուրյանին հաջողվել է փոխել այդ կարծրատիպը և Իսահակյանի պոեզիայի հիման վրա ներկայացնել դասական ստեղծագործություններ․ - «Տիգրան Մանսուրյանի արած գործը նա է, որ ինքը նաև ակադեմիական երաժշտության հիմքերը դրեց Իսահակյանի տեքստերի հետ կապված: Բացի այն, որ դա ժողովրդական է, ինքը բարձր, շատ բարձր ակադեմիական երաժշտության օրինակ է մեր կյանքում»:
Տիգրան Մանսուրյանը հավելեց․ - «Իսահակյանն առհասարակ շատ է երգված․ երգել են ռուս կոմպոզիտորներ՝ Ռախմանինով, Սվիրիդով, երգել են հայ հեղինակներ: Ինքը շատ երգեցիկ է անշուշտ: Բայց առավելաբար ինքը հնչողության մեջ ներկա է բանահյուսության հետ: Մեզանում էդպես է: Այս նժարը պետք է տանել մյուս ուղղությամբ: Եվ դա իր պահանջն է, պոեզիայի պահանջն է»:
Տիգրան Մանսուրյանն առաջին անգամ չէ, որ շեշտում է հայոց լեզվի և մեր լավագույն բանաստեղծների ստեղծագործությունների բացառիկ երաժշտականությունը:
Հարցին, թե հատկապես որ բանաստեղծի լեզուն է ամենաերաժշտականն իր համար, արձագանգքեց․ - «Մի քիչ թյուր, մի քիչ տարօրինակ, մի քիչ ոչ-հիմնավոր կարծիք կա պոեզիայի մասին երաժշտություն գրելու ճանապարհին: Օրինակ, եթե Մայակովսկու տողերն են, հատվող տողերը, կացինով ծեփված, դրանք իբրև թե երաժշտական չեն: Եվ ճիշտ հակառակը տերյանական սահուն՝ անուշ ձայնավորների և մեղմ բաղաձայների աշխարհն է ավելի երաժշտական: Սա որոշում է երաժիշտը, և դրանք երկուսն էլ ընտիր երգելու նյութ են: Բայց ես, օրինակ, քուչակյան հայրեններ, որ շատ ավելի առողջ բաղաձայներ ունեն իրենց մեջ, գունային թանձր հնչողություններ: Այնպես որ, նայած որն է քո հաճույքը այդ պահին»:
Հավելենք, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբն այս տարի առնվազն երեք երկրում՝ Ռուսաստանում, Իրանում և Միացյալ Նահանգներում պայմանավորվածություններ ունի հանդես գալու հյուրախաղերով՝ ներկայացնելով ոչ միայն առաջիկա համերգային ծրագրերը, այլև կոմիտասյան ստեղծագործություններ: Համերգներն այդպես էլ խորագրված են լինելու ՝«Կոմիտաս -150, Տիգրան Մանսուրյան-80»
Իսկ հաջորդ տարի էլ ամերիկյան UCLA համալսարանը կոմպոզիտորական մրցույթ է կազմակերպելու՝ Կալիֆոռնիայի երաժշտական բարձրագույն բոլոր հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մրցույթին առաջին անգամ Տիգրան Մանսուրյանի անվան մրցանակ է սահմանվել և ինչպես այսօր ընդգծում էր մաեստրոն․ - «Մրցույթին կարող են մասնակցել տարբեր ազգի կոմպոզիտորներ: Միակ պայմանը այն է, որ իրենց նախընտրած թեմայի մեջ հայոց թեմատիկան՝ արվեստի, պատմության որևէ շերտ ներկա լինի»: