Մատչելիության հղումներ

Իշխող քաղաքական թիմն աջակցում է քաղաքապետարանի գործողություններին


Փոխվարչապետ Տիգրան Ավինյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ իշխող քաղաքական թիմն իր լիակատար աջակցությունն է հայտնում Օպերայի շրջակա տարածքների սրճարանների ապամոնտաժման գործընթացին:

«Միանշանակ աջակցում է: Դա ընդհանուր, թիմային որոշում է: Ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը նույնպես շատ ադեկվատ է, և համոզված եմ, որ նմանատիպ քաղաքականությունը պետք է շարունակական լինի քաղաքապետարանի կողմից, որովհետև խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի ամենակենտրոնի մասին․․․ Ոչ մի արտոնյալ չի լինելու», - ասաց փոխվարչապետը:

Այսօր վաղ առավոտից շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, որոնք սկսվել էին դեռևս 6 օր առաջ։ Աշխատանքները չէին դադարել նաև հանգստյան օրերին։

Սրճարանների ապամոնտաժմանը հետևող քաղաքացիները «Ազատության» հետ զրույցներում ասում են, որ կողմ են քաղաքի կանաչապատմանը:

«Ուրախ եմ, որ Երևանը վերադառնալու է իր նախկին տեսքին: Ինչքան կարելի է էս ամբողջը հանդուրժել», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

«Սա նորմալ բան է, որ պիտի կատարվեր: Մաքրվում է քաղաքը», - հավելեց մի երիտասարդ կին:

Այս պահին առաջին գոտում գտնվող հինգ սրճարաններից երկուսն ապամոնտաժվում են, երրորդն իր գույքը ինքնակամ է ապամոնտաժել, իսկ մյուս երկու սրճարաններն ապամոնտաժելու իրավական հիմքերն ապահովելու համար քաղաքապետարանը դիմել է դատարան։

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ գործընթացը շարունակական է լինելու:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկում է մինչև գործընթացը սկսելը հրապարակել հաջորդիվ որ տարածքում սկսվելու․ - «Մեր առաջարկը քաղաքապետին սա է․ հրապարակել այդ ճանապարհային քարտեզը, թե որ սրճարանը որ այգում երբ պետք է ապամոնտաժվի, երբ են սկսելու դրա աշխատանքները, որպեսզի կանխատեսելի լինի դա թե՛ հանրության համար, թե՛ տնտեսվարողների համար, որպեսզի նաև այս աշխատատեղերի խնդիրը, որ իրենք բարձրաձայնում են, որ կառաջանա, կոմպենսացվի իրենց կողմից տարածքի փոփոխմամբ։ Հաշվի առնելով քանակությունը այն զբոսայգիների, որտեղ տրված են վարձակալությամբ տարածքները՝ գործընթացը երկարատև է լինելու, և այդ առումով հնարավորություն կա այս իսկ պահից բոլորին նման ծանուցումներ ուղարկելու»:


Օպերայի շրջակա տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները հարուցել էին սրճարանների աշխատակիցների բողոքը: Առաջին երկու օրերի ընթացքում նրանք անգամ որոշ ժամանակով փողոցներ էին փակել և բացել միայն իրավապահների միջամտությունից հետո, երբ նրանք բերման ենթարկեցին շուրջ երկու տասնյակ քաղաքացու:

Բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներից մեկի դեմ բռնություն գործադրած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

Դատախազությունը հաղորդեց նաև, որ քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG