Նոր Զելանդիայում Քրայսչըրչ ավանում մզկիթների վրա հարձակման մեջ մեղադրվող 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը հայտարարել է, որ հրաժարվում է դատարանի կողմից նշանակված փաստաբանից և ցանկանում է իր վրա ստանձնել պաշտպանությունը:
«Այդ մարդն ասել է, թե չի ուզում փաստաբան: Իր կեցվածքը գործնական է և չի վկայում ինչ-ինչ հոգեկան խանգարումի մասին», - ասել է փաստաբան Ռիչարդ Պետերսը և հավելել. - «Համենայն դեպս, նա այդպիսի տպավորություն է թողնում և, կարծես թե, գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում»:
Մարտի 15-ին Քրայսչըրչի երկու մզկիթներում Թարանթի կատարած գրոհի հետևանքով սպանվել է 50 մարդ, կա երկու տասնյակ վիրավոր:
Մարտի 16-ին քաղաքի դատարանում Թարանթին պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել: Ենթադրվում է, որ նա այսպես կոչված «սպիտակ սուպերմասիտ» է՝ սպիտակամորթների ռասայական գերիշխանության թեզի հետևորդ:
Մզկիթներում խաղաղ մահմեդականների վրա հարձակվելուց անմիջապես առաջ նա սոցցանցում հրապարակել է իր «հռչակագիրը», որում պնդել է, որ իր թիրախն են ներգաղթյալները և, մասնավորապես, մահմեդականները:
Նոր Զելանդիայում մեղադրանք է ներկայացվել նաև մի 18-ամյա տղամարդու, ով, ըստ իրավապահների, ապահովել է «Ալ Նուր» մզկիթում սպանդի ուղիղ հեռարձակումը համացանցի միջոցով:
Իրավապահներն այդ մեղադրյալի անունը չեն հրապարակել: Նա կարող է դատապարտվել մինչև 14 տարվա ազատազրկման:
Գրավի դիմաց ազատ արձակվելու երիտասարդի դիմումը մերժվել է, և նա ապրիլի 8-ին կկանգնի դատարանի առաջ: Թարանթին երկրորդ անգամ դատարան կբերեն ապրիլի 5-ին:
Նոր Զելանդիայի տարածքում այդ աննախադեպ ահաբեկչության գործով հետաքննությունը շարունակվում է:
Ըստ ոստիկանների, այս պահին կա մեկ մեղադրյալ՝ հենց Թարանթը: Այդ մասին է ասել երկրի ոստիկանության հանձնակատար Մայք Բուշը:
Ոստիկանության հանձնակատարի փոխանցմամբ, Նոր Զելանդիայի իրավապահները համագործակցում են նաև օտարերկրացի գործընկերների հետ, և Նոր Զելանդիայում են հիմա գտնվում ԱՄՆ հետաքննությունների դաշնային գործակալության և Ավստրալիայի ոստիկանության փորձագետները:
Թարանթի կատարած սարսափելի սպանդը Նոր Զելանդիայի իշխանությանը ստիպել է վերանայել զենքի օրենքը: Վարչապետ Ջեսինդա Արդերն, ով նախկինում էլ բազմիցս է առաջարկել խստացնել կանոններն, ասել է, որ այլևս եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը:
«Կառավարությունը նախաձեռնում է զենքի մասին օրենքի փոփոխություններ՝ համոզված լինելով, որ հանրության գերիշխող մեծամասնությունն սատարում է այդ գաղափարը», - ասել է վարչապետը և ավելացրել. - «Հրեշավոր ահաբեկչությունից 10 օր անց մենք կհրապարակենք բարեփոխումներ, որոնք, ես համոզված եմ, մեր համայնքն ավելի ապահով կդարձնեն»:
Մինչդեռ, Նոր Զելանդիայում պատրաստվում են հողին հանձնել երկու մզկիթներում ավստրալացի ահաբեկիչ Թարանթի իրականացրած զանգվածային գնդակահարության զոհերին:
Հուղարկավորությունները տեղի կունենան Քրայսչըրչի քաղաքային գերեզմանատանը:
Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը տարածել է հատուկ հայտարարություն, որով խստորեն դատապարտել է մարտի 16-ին տեղի ունեցած ահաբեկչական գրոհը:
«Այդօրինակ խաչակրաց արշավանքները տեղ չունեն մեր աշխարհում, մենք միանշանակ դատապարտում ենք հարձակումը Քրայսթչերչի մզկիթների վրա»,- ասվում է հայտարարությունում:
«Ավելին, մենք դատապարտում ենք զինյալի կողմից հայերի և քրիստոնյա այլ ազգերի՝ վրացիների, սերբերի, ռուսների և ավստրիացիների լեզուներով զենքի վրա գրառումներ կատարելու և դրանց միջոցով մահմեդական համայնքն ատելության անընդունելի հանցանքի թիրախ դարձնելու փաստը»,- հայտարարել է Նոր Զելանդիայի Հայ դատի կազմակերպությունը: