Մատչելիության հղումներ

«Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը». Սեֆիլյան


«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր անդամներից Վարուժան Ավետիսյանը այսօր հայտարարեց, որ կուսակցությունը սկսում է Լեռնային Ղարաբաղը մարզի կարգավիճակով Հայաստանի կազմում ներառելու գործընթաց:

Կուսակցությունն առայժմ չի հստակեցնում, թե իրավական ի՞նչ ճանապարհով են այդ գործընթացը պատկերացնում՝ հանրաքվեի՞, երկու երկրների խորհրդարանների՞ որոշմամբ, թե՞ այլ ուղով:

«Սասնա ծռերը» պատրաստ են քննրակումների և կարծում են, որ վերջնական որոշում կայացնողը պետք է լինի Արցախում առաջիկայում ձևավորվելիք նոր իշխանությունը:

Սակայն ինչպես նշեց կուսակցության ղեկավար անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, այս հարցում պետք է շտապել, քանի որ Արցախի վրա կախված է «աբխազացման վտանգը»․ - «Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը։ Մենք օր առաջ պետք է այդ վտանգը կանխարգելենք։ Մենք հուսով ենք, որ այս գործընթացին օժանդակող լինելու է այսօրվա երևանյան գործող իշխանությունը»:

«Ազատություն». - Ի՞նչ վտանգի մասին է խոսքը, եթե կարող եք, մանրամասնեք։

Սեֆիլյան. - Հենց աբխազացման։

«Ազատություն». - Դուք վտանգ եք տեսնո՞ւմ, որ կարող է Ռուսաստանի ազդեցության տակ անցնել։

Սեֆիլյան. - Այո, այսօր Աբխազիան ինչ կարգավիճակում է, կամ Հարավային Օսեթիան ինչ կարգավիճակում որ է, այդ նույն սպառնալիքը կախված է Արցախի գլխին։

«Ազատություն». - Ինչի՞ց ելնելով եք այդ պնդումն անում։

Սեֆիլյանը. - Թե որոնք են պատճառները, որ մենք ունենք այս կարծիքը այս պահին, առաջիկա օրերին փակագծերը մենք կբացենք:

«Ազատության» հաջորդ հարցին, թե արդյոք Ղարաբաղին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու իրենց նախաձեռնությունը քննարկել են Հայաստանի իշխանությունների հետ, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ այս հարցով գործող իշխանության հետ խորհրդակացություն չեն ունեցել:

Նշենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը» պաշտոնապես արդեն գրանցվել է նաև Արցախում: Հարցին, թե արդյոք քաղաքական ուժը մտադիր է մասնակացել 2020-ին Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններին, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, թե մինչև ընտրությունները փորձելու են Արցախը Հայաստանին միացնելուն կողմ ոչ-իշխանական ուժերի համախմբմամբ իշխանափոխություն իրականացնել Ղարաբաղում: Իսկ եթե մինչև 2020 թվականը չհաջողվի իշխանափոխություն իրականցել, ապա «Սասնա ծռերը» նույն մոբիլիզացիան կիրականացնեն արդեն ընտրությունների շուրջ:

«Քանի որ Արցախում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունեցել, ի տարբերություն երևանյան ռեժիմի, ինչպես այն ժամանակ մենք ունեինք կարծիք՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի օրոք ընտրությունների միջոցով հնարավոր չէ ձերբազատվել հանցավոր ռեժիմից և այլն, նույն վիճակն է այսօր Արցախում: Ուստի մենք փորձելու ենք այդ փոփոխությունը իրականացնել մինչև ընտրությունները՝ ոչ-իշխանական ուժերի համախմբումով: Առաջնահերթորեն այդ համախմբումը պետք է լինի միացման գաղափարի շուրջը, և դրանից հետո նոր այդ համախմբումը իր մեջից ծնի առաջնորդող խումբ, և, ինչու չէ, նաև՝ համակարգող, որը կարող է լինի նախագահի թեկնածուն: Եվ այդ քայլերը կատարելուց հետո կարելի է ժողովրդին հրավիրել Ստեփանակերտի փողոցներ, հրապարակներ և ժողովրդի ճնշմամբ իրականացնել իշխանափոխություն մինչև 202-ի մայիսը: Սակայն ինչ-ինչ պատճառներով եթե չհասցրեցինք, ապա մենք պետք է ընտրությունների առիթը օգտագործենք նույն մոբիլիզացիան իրականացնելու համար», ասաց Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանի փոխանցմամբ, Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում կսատարեն այն թեկնածուին, ով կպաշտպանի Արցախը Հայաստանի կազմում ընդգրկելու իրենց նախաձեռնությունը: Բացի այդ, թեկնածու չպետք է որևէ կապ ունենա հին կլանի հետ:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք կա մեկը, ում կաջակցեն՝ Սամվել Բաբայան, Արայիկ Հարությունյան, Սեֆիլյանն արձագանքեց․ - «Երևացողներից ոչ մեկին: Որովհետև այն կարծիքին ենք, որ պետք է նոր որակի մարդի լինի, հին կլանի հետ կապ չունեցող մարդ լինի, ազնիվ լինի նվիրյալ լինի: Նախորդներն իրենց գործը արել են, տեսել ենք: Ով որ լավ է արել, շնորհակալ ենք, ով որ չի արել, պիտի տակավին պատասխան տա»:

«Ազատություն»․ - Խոսքը նաև Սամվել Բաբայանի՞ն է վերաբերում:

Սեֆիլյան․ - Սամվել Բաբայանի ակտիվացումը Արցախում մենք ողջունել ենք: Եվ միաժամանակ ասել ենք, որ ոչ մի շրջանակ իրավունք չունի խոչընդոտելու Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությունը: Միաժամանակ հորդորել ենք Սամվել Բաբայանին, որ ճիշտ պիտի լիներ ինքը աջակցողի դերում լիներ՝ մեր պատկերացրած նոր անձնավորությանը հասցնելու իշխանության: Հուսով ենք տակավին ժամանակ կա: Առաջիկա ժամանակներում չի բացառվում, որ ինքը այդ մտքին էլ լինի: Մենք այդ ուղղությամբ պիտի աշխատենք:

«Ազատություն»․ - Համագործակցությունը նրա հետ չեք բացառում:

Սեֆիլյան․ - Մեր համագործակցության նախապայմանը մեկն է՝ միացման գաղափարը: Այն ուժերը, այն անհատները, որոնք առաջնահերթ օրակարգ են համարում դե յուրե միացումը, մենք բոլորի հետ պատրաստ ենք գործակցելու:

Հավելնք, որ Ղարաբաղը Հայաստանի կազմում մարզի կարգավիճակով ներառելու գործընթացից բացի, այսօրվանից «Սասնա ծռերը» Լեռնային Ղարաբաղում սկսում են ստորագրահավաք՝ պահանջով, որպեսզի Արցախում հաշվառված քաղաքացիները նաև Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեների մասնակցելու հնարավորություն ունենան:

«Վստահ եմ հազարավորներն են ստորագրելու: Սա ուղղված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ոստիկանությանը», - ասաց Սեֆիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG