Մատչելիության հղումներ

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը շարունակվում է նաև հանգստյան օրերին


Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը, Երևան, 14-ը մարտի, 2019թ․
Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը, Երևան, 14-ը մարտի, 2019թ․

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները հանգստյան օրերին ևս շարունակվում են։ Այս պահին առաջին գոտում գտնվող հինգ սրճարաններից երկուսն ապամոնտաժվում են, երրորդն իր գույքը ինքնակամ է ապամոնտաժել, իսկ մյուս երկու սրճարաններն ապամոնտաժելու իրավական հիմքերն ապահովելու համար քաղաքապետարանը դիմել է դատարան։

Դրանցից մեկը «Շոկոլադնիցա» սրճարանն է, որի շահագործող ընկերությունը տարածքը վարձակալել է մինչև 2026 թվականը և համայնքի սեփականություն հանդիսացող հողի վրա ունի սեփական շինություն։ Նման օրենսդրական կարգավորումը գործել է մինչև 2005 թվականը, և տնտեսվարողը սեփականացրել է վարձակալած հողի վրա կառուցած շինությունը։ Երևան համայնքն այժմ դատարանից պահանջում է լուծված համարել պայմանագիրը, որպես հետևանք՝ վերացնել ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերադարձնել հողամասը:

«Ազատության» հարցին, որ եթե դատարանը չտա այդ իրավունքը, ապա ինչպե՞ս են հետագա գործողություններն իրականացվելու, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը պատասխանեց՝ ամեն ինչ օրենքի սահմաններում են անելու, կսպասեն այնքան, մինչև դատարանի որոշումը ստանան:

«Նորմալ պրոցես ա, որը հնարավոր ա, իհարկե: Դրա համար մենք չենք սպասում ամբողջին՝ որը որ հնարավոր ա, որը անում ենք, բետոնային աշխատանքները մաքրելուց հետո արդեն կանցնենք կանաչապատմանը: Ապամոնտաժել են ընդամենը այս պահին «Ատլանտիկ գարդեն»-ը և «Ջազվե համանվագ» ՍՊԸ-ին պատկանողը, և «Ռիչ»-ը՝ հինգից երեք հատը արդեն ապամոնտաժված են», - ասաց Մնացականյանը:

«Շոկոլադնիցա»-ի մենեջեր Լաերտ Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ապօրինի է համարում իր աշխատավայրի ապամոնտաժումը: «Եթե օրենքով տրված թուղթը՝ պետականորեն հանված թուղթ ունենք մենք, ինչի՞ համար ապամոնտաժեն: Լրիվ օրենքներով անցած՝ կետ առ կետ, պայմանագրի կետ առ կետ հանած թղթաբանություն ունենք մենք, ոչ մի բան ապօրինի չենք արել՝ ինչի՞ համար ապամոնտաժեն, ո՞ւմ ա խանգարում, ո՞ւմ պրինցիպներին ա խանգարում», - նշեց Պողոսյանը:

«Շոկոլադնիցա»-ի մենեջերն ասաց՝ թեև մինչև դատական գործընթացի ավարտը շարունակելու են աշխատել, սակայն հաճախորդների թիվը պակասել է, քանի որ կարծում են, թե իրենց սրճարանը ևս ապամոնտաժվում է. - «Մեր մոտ հաճախորդները սկսել են քիչ պակասել, գիտեն քանդել են: Լսելով էս դռդռոցը՝ ոչ մեկ չի ցանկանում էլ ներկա գտնվել ստեղ: Հարկ ենք չէ՞, վերջիվերջո, հլը մուծում ենք մենք: Չենք հրաժարվելու ոչ մի բանից»:

Օպերայի մերձակա սրճարանների ապամոնտաժումը «սովորական գործընթաց է, որը պարզապես վերականգնում է այն, ինչի մասին բազմիցս խոսել են ընտրություններից առաջ», երեկ «Ազատության» եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Վարչապետի խոսնակը հիշեցրեց, որ, մասնավորապես, Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ ևս խոսվել է կանաչ տարածքները վերականգնելու մասին: «Այսինքն, որևէ մեկի համար այդ քաղաքական ուժի դիրքորոշումը առ այն, որ պետք է վերականգնվի արդարությունը, կանաչ գոտիները, ապօրինի սրճարանները պետք է դուրս մղվեն՝ նորություն չի եղել», - ընդգծեց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցների պնդումներին, թե իրենց ապրուստի հաշվին է արվում այս գործընթացը, Կարապետյանը մատնանշեց. - «Կարծում եմ՝ բոլորը հիմա հնարավորություն ունեն ցանկացած տեղ Երևանում, կոմերցիոն, իհարկե, հիմունքներով, բացել սրճարան, աշխատացնել սրճարաններ: Չեմ կարծում, որ այն արտոնյալ պայմանները, որ իրենք ունեին և մի քանի տարի օգտագործում էին, արդար վերաբերմունք էր նաև այլ գործարարների համար, որոնք նույն բիզնեսում ներգրավված են։ Այսինքն, ես որևէ խնդիր չեմ տեսնում, արդարացված եմ համարում այս գործողությունը, և վարչապետը նույնպես, չխառնվելով այս պրոցեսի մեջ, իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում քաղաքապետին իր ձեռնարկած գործողության մեջ»։

Երևանի քաղաքապետարանի հրամանով արդեն չորրորդ օրն է ընթանում են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել էր սրճարանների աշխատակիցների բողոքը, առաջին երկու օրերի ընթացքում նրանք անգամ որոշ ժամանակով փակել էին փողոցներ և բացել միայն իրավապահների միջամտությունից հետո, երբ նրանք բերման ենթարկեցին շուրջ երկու տասնյակ քաղաքացու:

Բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներից մեկի դեմ բռնություն գործադրած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Իսկ արդեն երեկ երեկոյան դատախազությունը հաղորդեց՝ քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Հաղորդագրությունում ասվում է, որ քաղաքացիներից մեկը երկու անգամ բռունցքով հարվածել է ոստիկանի դեմքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG