Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես այսօր մեկնել է Հայաստանի գյուղերից մեկը՝ նախապես չհայտարարված այցով: Այդ մասին նա տեղեկացրեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:
«Այսօր որոշել եմ էքսպերիմենտ անել և առանց նախապես հայտարարելու և ոչ մեկին տեղեկացնելու մեկնել մարզերից մեկի գյուղերից մեկը: Նույնիսկ մարզպետին տեղյակ չեմ պահել, թե որ գյուղ եմ գնում», - ասաց վարչապետը:
Այցի նպատակը, ըստ նրա, տեղում մարդկանց հետ ծանոթանալն է, շփվելը՝ առանց նախապես կազմակերպված միջոցառումների․ - «Ուղղակի տեսնեմ, թե ինչ է կատարվում, ինչ խնդիրներ կան, որ կարելի է արագ լուծել, կառավարությունից ինչ են ակնկալում, այդ ակնկալիքներից ինչը կարող ենք արագ կատարել, ինչի վրա պետք է աշխատենք»:
Եթե այցի արդյունքն օգտակար լինի, Փաշինյանը խոստանում է ժամանակ առ ժամանակ նման այցեր կատարել Հայաստանի տարբեր գյուղեր ու մարզեր՝ առանց պաշտոնյաներին տեղյակ պահելու: Վարչապետը վստահեցնում է, որ իր համար շատ կարևոր է չկորցնել զարկերակը, մարդկանց հետ անմիջական կապը: