Մատչելիության հղումներ

«Չի կարելի համաձայնել բոլոր ձևակերպումների հետ». պատգամավորը՝ Պետդեպի զեկույցի մասին


ԱԺ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, 15-ը մարտի, 2019թ.
ԱԺ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, 15-ը մարտի, 2019թ.

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը») խոստովանում է, որ հեղափոխությունից հետո էլ Հայաստանի դատական համակարգում խնդիրներ կան:

Վարդանյանը, այդուհանդերձ, համաձայն չէ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում Հայաստանի դատական իշխանության վերաբերյալ ձևակերպումներին: Ըստ Պետդեպարտամենտի զեկույցի, էական փոփոխություններ չեն արձանագրվել, դատարանները հիմնականում անկախություն ու չեզոքություն չեն ցուցաբերում, իշխանափոխությունից հետո էլ դատավորների կողմնակալության հարցում կասկածները չեն փարատվել:

«Բացարձակապես չի կարելի համաձայնվել նշված բոլոր ձևակերպումների հետ, որ մենք դատական իշխանության ոլորտում ունեցել ենք խնդիրներ: Եվ որ այդ խնդիրները ձևավորվել են թավշյա հեղափոխությունից շատ առաջ, բոլորս ենք ընդունում», - ասաց Վարդանյանը:

Վլադիմիր Վարդանյանը նախկին իշխանության օրոք Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարն է եղել: Նրա պնդմամբ՝ դատական համակարգի խնդիրները մինչև հեղափոխությունն են ձևավորվել: Բայց դրանք շտկելու քաղաքական կամք կա այսօր․ - «Էնպիսի տպավորություն չստեղծվի, որ ես վարդագույն ակնոցներով եմ նայում այս խնդրին: Մենք ունենք դատական իշխանության ոլորտում որոշակի խնդիրներ: Դրանք կապված են և՛ ինստիտուցիոնալ չկայացվածության հիմնահարցով․․․ դա պայմանավորված է նրանով, որ մենք դատաիրավական բարեփոխումների հարցում հետևողական ենք, բայց միշտ չենք գնացել մինչև վերջ․․․ և դա խոչընդոտել է դատավորների անկախությանը, սա խոչընդոտել է դատավորների կողմից գործերի քննության առումով բավարար գործիքակազմ ունենալը: Մենք ունենք խնդիրներ, և էդ խնդիրները պետք է լուծել»:

Զեկույցում նշված է նաև, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավոր Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներ է նշանակում նրանց, որոնք կապ ունեն նախկին իշխանությունների հետ: Բացի այդ, փաստաբանները նշում են, որ խորհրդի կողմից դատավորների նշանակումը, առաջխաղացումն ու տեղափոխումը թուլացնում է արդարադատության անկախությունը: Դատարանները հասարակության մեծ մասի կողմից ընկալվում են որպես կոռումպացված:

«Օրինակ, ես աշխատել եմ երկար տարիներ Սահմանադրական դատարանում․․․ Իմ կարծիքով, մենք պետք է չմոռանանք և առաջնորդվենք այն կարևոր գաղափարով, որ մենք պետք է հստակ տարբերակում անցկացնենք պրոֆեսիոնալների․․․ որովհետև իրավաբանական աշխատանքը, դատական համակարգում աշխատանքը պայմանավորված է նրանով, որ մենք գործ ունենք պրոֆեսիոնալների հետ: Երկրորդը, մենք պետք է չմոռանանք այն կարևոր հանգամանքը, որ այդ մարդիկ բարոյական առումով պետք է ունենան անբասիր հեղինակություն, և մենք չպետք է մոռանանք, որ մենք պետք է ունենանք այն կարևոր սահմանադրաիրավական, օրենսդրական և անհրաժեշտ այլ գործիքակազմը, որ կարողանանք երաշխավորենք և ապահովենք արդարադատության իրականացման հարցում վերջիններիս անկախությունը», - ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Հայաստանում խոսքի ազատությանն անդրադադառնալով՝ Պետդեպը արձանագրել է․ - «Իշխանափոխությունից հետո լրատվական միջավայրը դարձել է առավել ազատ, այդուամենայնիվ, որոշ լրատվամիջոցներ դեռ խուսափում են նոր կառավարության հասցեին քննադատական մեկնաբանություններից՝ «հակահեղափոխական» չերևալու համար»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատել է, որ պիտակավորման միտում կա, բայց կաշկանդվողներ՝ ոչ․ - «Պետք է երևի թե մի քիչ ավելի նրբանկատ լինեն այս փաստաթղթի հեղինակները, որովհետև, այո, այդ բառը կա, պիտակավորումը որպես հակահեղափոխական կա, բայց դա ամենևին էլ չի կաշկանդում լրատվամիջոցներին շարունակել քննադատել իշխանություններին: Մեծ հաշվով, ես չգիտեմ այդպիսի լրատվամիջոց, որ ինքը ուզում է քննադատել և չի անում դա, քանի որ կաշկանդված է նրանով, որ իրան հակահեղափոխական կարող ա համարեն»:

Զեկույցում Հանրային հեռուստաընկերությանն էլ անդրադարձ կա․ հեղափոխությունից հետո էլ այստեղ լրահոսը իշխանամետ է:

Աշոտ Մելիքյանը համամիտ է այս դիտարկմանը․ - «Իհարկե, դա նկատելի է: Հատուկ մոնիտորինգ չի անցկացվել, բայց փորձագիտական աչքով, որպես հեռուստադիտող նաև երբ նայում ես, դա նկատելի է»:

Հեղափոխությունից հետո Հանրայինի լրատվականը ղեկավարել է Վահագն Թևոսյանը, ով այժմ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր է:

Զեկույցում տեղ գտած գնահատականներին Թևոսյանը համաձայն չէ․ - «Ես հիշում եմ, որ էդտեղ գրված էր, որ որոշ լրագրողական կազմակերպություններ ասում են, որ շարունակում ա կառավարամետ քաղաքականություն վարել: Գուցե դա ճիշտ կլինի էդ լրագրողական կազմակերպություններից հարցնել, որոնք էդ մասին զեկույց են ներկայացրել: Համենայն դեպս, ես փորձել եմ ամեն ինչ անել, որ հնարավորինս բալանսը ապահովվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG