Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանում պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ


«Տրոյկա դիալոգ» բանկի հիմնադիր Ռուբեն Վարդանյան, արխիվ
«Տրոյկա դիալոգ» բանկի հիմնադիր Ռուբեն Վարդանյան, արխիվ

Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են Եվրահանձնաժողովից պատժամիջոցներ սահմանել ռուսաստանաբնակ գործարար, Կրեմլին մոտ կանգնած մարդկանց փողերի լվացման մեջ մեղադրվող «Տրոյկա դիալոգ» բանկի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի երեկվա հրապարակման համաձայն, Եվրախորհրդարանում Լիտվան ներկայացնող պատգամավոր Պետրաս Աուշտրևիչիուսի նախաձեռնությամբ՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Լեհաստանը, Շվեդիան ու Եվրամիության այլ պետություններ ներկայացնող ընդհանուր առմամբ 22 պատգամավորներ իրենց ստորագրությունն են դրել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին ուղղված փաստաթղթի ներքո, որը պահանջում է անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ռուբեն Վարդանյանի և լիտվական «Յուկիո» բանկի նախկին նախագահ Վլադիմիր Ռոմանովի նկատմամբ, որոնց անունը կապվում է «Տրոյկա լվացքատան» հետ:

Նախագծի կայքում տեղեկությունը հրապարակած լրագրող Շարունաս Չեռնիաուսկասն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նման արագ արձագանքը Եվրամիությունից փոքր-ինչ անսպասելի էր իր համար:

«Եվրամիության 14 երկիր ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավորներ կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ռուբեն Վարդանյանի ու Վլադիմիր Ռոմանովի նկատմամբ: Սա ընթացակարգի միայն սկիզբն է, և մենք պետք է սպասենք Եվրահանձնաժողովի պատասխանին: Այս հարցի վերաբերյալ, փաստորեն, պետք է որոշումներ կայացվեն: Պետք է նաև նշել, որ մոտ երկու ամսից Եվրախորհրդարանի ընտրություններն են, ուստի շատ բան կարող է փոխվել: Ընթացակարգը կարող է իր շարունակությունը ունենալ ընտրություններից հետո՝ Եվրոպական նոր խորհրդարանում: Սակայն, սա կոշտ քայլ է, և չէինք սպասում, որ Եվրամիությունը նման արագ կերպով կարձագանքի», - նշեց Չեռնիաուսկասը:

«Ազատությունն» այսօր դիմեց Հայաստանում գործունեություն ծավալող «Իդեա» հիմնադրամ, որի հիմնադիրներից է Ռուբեն Վարդանյանը, Եվրախորհրդարանի պատգամավորների պահանջի վերաբերյալ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստի արձագանքը ստանալու ակնկալիքով: Հիմնադրամից փոխանցեցին, թե Ռուբեն Վարդանյանի «մամուլի գրասենյակը մեկնաբանություններ չի տրամադրում»։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը և 20 լրատվամիջոցներ, ներառյալ հայաստանյան «Հետք» պարբերականը, համատեղ, բացահայտել են փողերի լվացման մեխանիզմ, որը գործել է «Տրոյկա դիալոգ»-ի վերահսկողությամբ։ Լրագրողների մոտ են հայտնվել 2013 թվականին փակված լիտվական «Յուկիո» բանկից արտահոսած ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթղթեր: Հետաքննությունը ստացել է «Տրոյկա լվացքատուն» անվանումը:

Ուսումնասիրության համաձայն, այս սխեման ընդգրկել է առնվազն 70 օֆշորային ընկերություններ, որոնց միջոցով շրջանառվել է շուրջ 9 միլիարդ դոլար: Ընդ որում, ըստ «Հետք»-ի, Ռուսաստանի քաղաքական և հանցավոր շրջանակները օրինականացրել են իրենց ֆինանսները՝ օգտագործելով նաև հայ արտագնա աշխատողների և գործարարների կեղծված ստորագրությունները։

Ըստ «Հետք»-ի, «Տրոյկա դիալոգ»-ից ավելի քան 760 փոխանցումներ են կատարվել նաև հայաստանյան բանկեր՝ 150 անձանց և ընկերությունների՝ ընդհանուր առմամբ շուրջ 275 միլիոն դոլարի։

Ռուբեն Վարդանյանը հերքում է իր մասնակցությունը ֆինանսական այդ մեքենայություններին ու պնդում, թե իր ստեղծած բանկային համակարգը գործել է թափանցիկ:

Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ դատախազությունը դեռ ուսումնասիրում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա դիալոգ» ներդրումային բանկին առնչվող փողերի լվացման մասին հրապարակումները:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, Ռուբեն Վարդանյանի շուրջ ստեղծված իրավիճակը իր բացասական ազդեցությունը կթողնի Հայաստանի վրա, որովհետև Վարդանյանը ծրագրեր է իրականացնում նաև Հայաստանում:

«Բնական է՝ այս ամեն ինչը իր ազդեցությունը թողնելու է ընդհանրապես Հայաստանի նաև վարկանիշի վրա, որովհետև հայտնի է՝ Ռուբեն Վարդանյանը իր նախաձեռնությունով Հայաստանում, «Ավրորա» մարդասիրական մրցանակը, որը Ցեղասպանության և Հայկական հարցի շատ ավելի լայն կոնտեքստ է ներկայացնում աշխարհին, և այս տեսանկյունից, իհարկե, որոշակի հետևանք նաև Հայաստանի վրա կարող է ունենալ հնարավոր պատժամիջոցը կամ հնարավոր էսպիսի ավելի լուջ զարգացումը նախաձեռնության, որ եվրոպացի պատգամավորները առաջ են քաշել», - ընդգծեց Բադալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG