Մնացականյանը հավելեց, որ դեռևս այդ հայտարարությունն անելու պահը չի եկել․ - «Ստեղ միմյանց հարգելու խնդիրն է կողմերի միջև, որ մենք միաժամանակ, համաձայնեցված հայտարարում ենք հանդիպման մասին, ժամկետների և այլնի մասին»:
«Ազատության» հարցին, թե արդյոք բանակցությունների սեղանին մադրիդյան սկզբունքներ են և այն 6 տարրերը, ինչի մասին խոսեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արտգործնախարարն արձագանքեց, թե բանակցությունների գնում են այն օրակարգով, որը ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախում տեղի ունեցած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:
Փաշինյանի - Ալիև սպասվող հանդիպումից առաջ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին՝ հստակ ընդգծելով, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա վրա:
«Այն պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում՝ իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք», - ասված է համանախագահների հայտարարության մեջ:
Համանախագահների հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը Արցախում հետևյալ հարցադրումն արեց․ - «Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է»:
«Մենք գնում ենք օրակարգով, որը արտահայտված է շատ հստակ վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցրած ելույթում: Այդ մոտեցումների շուրջ և այդ տրամաբանությամբ մենք ցանկանում ենք ներգրավվել երկխոսության մեջ, շարունակել այն երկխոսությունը, այն ընթացքը, որ մենք ունենք․․․ Մենք ասում ենք, որ մենք ունենք տարբեր հարցեր այնտեղ: Դուք նկատի ունեք 3 սկզբունքները և 6 տարրերը: Կա ձևավորված շրջանակը բանակցային՝ այդ 3 տարրերը և 6 սկզբունքերը, և հիշում եք, որ վարչապետը հստակ անդրադարձել է, որ կարևոր խնդիրներից մեկը՝ թե ինչպես են դրանք մեկնաբանվում և ինչպես են դրանք ընկալվում: Մենք այդ առումով հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն Հայաստանի համար ստատուսի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունը ունեն այդ 3 սկզբունքների և 6 տարրերի՝ Ձեր կողմից նշված փաստաթղթում»:
Արձագանքելով պաշտոնական Արցախի այն տեսակետին, թե ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից, անհրաժեշտ են նոր իրատեսական առաջարկներ՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, թե Մասիս Մայիլյանն այդ մասին հայտարարել է որպես Ղարաբաղի արտգործնախարար:
Մնացականյանն ընդգծեց, որ Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունները տարբեր միավորներ են: Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվել և չի հարաժարվի իր դերակատարությունից խաղաղության գործընթացում, Հայաստանը շարունակում է մնալ միակ երաշխավորը Արցախի անվտանգության։
Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը վերաբերում է մարդուն՝ 150 հազար կոնկրետ մարդկանց, և նրանց անվտանգության խնդիրը ամենակարևոր սկզբուներից է․ - «Սկզբունքները եթե մենք դիտարկում ենք որպես սկզբունքորեն շրջանակ, որի մեջ մենք աշխատում ենք փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ, այո, այդ շրջանակը գոյություն ունի, և երբևէ որևէ մեկը չի մերժել դա, որ դա շրջանակ է, որը գոյություն ունի: Բայց էդ շրջանակի մեջ շատ էական հարց է մեկնաբանումը և համադրումը՝ մոտեցումների, դիրքորոշումների և պարտավորությունների համադրումը: Որովհետև եթե պարտավորությունների համադրման առումով կա անհավասարություն, եթե սպասվում է, որ մեկ կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու»:
Արձագանքելով Բաքվից հնչող այն հայտարարություններին, թե ֆորմատը փոխելու և Ստեփանակերտին բանակցությունների սեղան վերադարձնելու Երևանի փորձերը փակուղի են տանում բանակցությունները՝ Զոհրապ Մնացականյանն ասաց, որ հայկական կողմը չի անելու որևէ բան, որը փակուղի կտանի․ - «Որովհետև մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը: Սա շատ էական հարց է: Եվ մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ: Եվ այստեղ հարցը վերաբերում է շատ կոնկրետ, պրագմատիկ հարցի, սկզբունքային հարցի՝ ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղը ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն: Սա ոչ թե նախապայման է, այլ խնդիր, որը չի կարելի արհամարհել և որը չի վերացնում մեր պարտավորությունը որպես բանակցային կողմ»: