«Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, բազմիցս ասել է, որ բանակցային ձևաչափի փոփոխությունը հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ։ Եթե Բաքուն և Երևանը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղն էլ պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, մենք կողջունենք այդ որոշումը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ այսօր ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը մարտի 9-ին տարածեց հայտարարություն, որտեղ հստակ նշված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին այս հարցում», - հավելել է Զախարովան:
Նա այսօր բարձրաձայնել է ևս մեկ հարց, որն առնչություն ունի ղարաբաղյան խնդրին։ Հիշեցնենք՝ երկու օր առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը նախազգուշացրել է Ադրբեջան մեկնող Ռուսաստանի քաղաքացիներին՝ մանրակրկիտ գնահատել հավանական ռիսկերը։ Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ ղարաբաղյան խնդրի պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ուժերը շարունակում են արգելել «այն քաղաքացիների մուտքը երկիր, ովքեր հայ ազգին պատկանելության ուղղակի կամ անուղղակի հատկանիշներ ունեն», բացատրելով սա այն հանգամանքով, թե անհնար է ապահովել նման անձանց անվտանգությունը։
Ռուսական կողմի դիմումները, որ անթույլատրելի են ազգային պատկանելության հողի վրա խտրական դրսևորումները ՌԴ քաղաքացիների նկատմամբ, ադրբեջանական կողմից անտեսվում են, ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Այսօր «Բաքու» ամսագիրը հարցազրույց է հրապարակել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստաակումբի հայտնի անդամ Ռովշան Ասկերովի հետ, ով ասել է, թե լինելով Ռուսաստանի քաղաքացի, բայց ադրբեջանցի՝ նա չի կարող ազատ այցելել Հայաստան։ Զախարովան այսօր հիշատակել է այս հարցազրույցը և ասել, թե ոչ իրեն, ոչ էլ Ռուսաստանի ԱԳՆ-ին հայտնի չեն դեպքեր, երբ նման բան է տեղի ունեցել, և կոչ է արել, խնդրել է հայտնել դեպքերի մասին, երբ Ռուսաստանի քաղաքացիներին արտաքսել են Երևանի օդանավակայանից նրանց ադրբեջանական ծագման պատճառով։