Մատչելիության հղումներ

Ալիև-Փաշինյան հանդիպման ժամկետները հայտարարելու պահը դեռ չի եկել. Մնացականյան


Ալիև-Փաշինյան հանդիպման ժամկետները հայտարարելու պահը դեռ չի եկել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ազատության» հարցին՝ «արդեն իսկ հստա՞կ են ժամկետները Փաշինյան-Ալիև հանդիպման, և կարո՞ղ ենք ասել, որ բանակցությունները Մադրիդյան երեք սկզբունքների և վեց տարրերի շուրջ են լինելու», Մնացականյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ժամկետներին և հանդիպմանը՝ կա ձևավորված մշակույթ, որ մենք համաձայնեցնում ենք, ավարտում ենք ամեն ինչը, հետո միաժամանակ հայտարարում ենք, և էդ պահը դեռ չի եկել, որպեսզի մենք հայտարարենք։ Այստեղ միմյանց հարգելու խնդիրն է կողմերի միջև, որ մենք միաժամանակ համաձայնեցված հայտարարում ենք հանդիպման ժամկետների և վայրի մասին»։

Ինչ վերաբերում է սկզբունքներին՝ Մնացականյանը նշեց. «Մենք գնում ենք օրակարգով, որը արտահայտված է շատ հստակ, ինձ թվում է, արտահայտված է վարչապետի Ստեփանակերտում հնչեցրած ելույթում։ Այդ մոտեցումների շուրջ և այդ տրամաբանությամբ մենք ցանկանում ենք ներգրավվել երկխոսության մեջ, շարունակել երկխոսությունը, այն ընթացքը, որ մենք ունենք։ Մենք ասում ենք, որ մենք ունենք տարբեր հարցեր»։

ԱԳ նախարարը հավելեց, որ կա ձևավորված բանակցային շրջանակ՝ շարունակելով. «Այդ [Մադրիդյան] երեք տարրերը և վեց սկզբունքները, հիշում եք, որ վարչապետը հստակորեն հարցրել է, որ կարևոր խնդիրներից մեկը՝ թե ինչպե՞ս են դրանք մեկնաբանվում և ինչպե՞ս են դրանք ընկալվում։ Մենք այդ առումով հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունի Հայաստանի համար ստատուսի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունը ունեն այդ երեք սկզբունքների և վեց տարրերի՝ Ձեր կողմից նշված փաստաթղթում, որոնք հայտնի են, և որոնք հիշեցվեցին նաև վերջերս»։

«Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք վերաբերում են ավելի արդիական և ավելի արդյունավետ և պրակտիկ աշխատելու առումով՝ ինչ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության և որոշիչ ձայնի հարցը, և նշել ենք, որ սա ոչ թե պետք է դիտվի նախապայման, այլ պետք է դիտվի արդյունավետությանը ուղղված գաղափար», - ընդգծեց Հայասանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ Երևանը և Բաքուն համաձայնեցնում են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման օրը:

Երեքշաբթի օրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է տեսակետը, որ Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: Հայաստանի վարչապետը նաև ասել է․ - «Համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ երեք սկզբունքների և վեց տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG