Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով՝ դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը: Այս մասին դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Նախկին նախագահի պաշտպանը հավելեց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:
«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: Դրանից հետո ՀՔԾ-ն արդեն երկրորդ անգամ է միջնորդում երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը, երկու միջնորդություններն էլ դատարանը բավարարել է: Փետրվարի 7-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր կալանքի երկարաձգման որոշման դեմ պաշտպանական խմբի բողոքը:
Մանրամասները՝ քիչ անց