Կինոգետ, կինոքննադատ, արվեստաբանության պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը մի շարք գրքերի, հազարից ավելի կինոքննադատական հոդվածների, բազմաթիվ սցենարների հեղինակ է: 1972 թվականից ի վեր ծավալել է իր մանկավարժական գործունեությունը՝ դասավանդելով նախ Երևանի մանկավարժական ինստիտուտում, ապա ավելի քան 35 տարի՝ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում:
Հասմիկյան ազգանունը նախապես կեղծանուն էր ընտրել ի պատիվ իր հանրահայտ տատիկի՝ հայ թատրոնի մեծագույն դերասանուհիներից մեկի՝ Հասմիկի, իսկ հետո այն գործածել է որպես պաշտոնական ազգանուն:
«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հայ ժամանակակից կինոյի զարգացման հրատապ խնդիրներին՝ 84-ամյա վաստակաշատ կինոքննադատը փիլիսոփայական պատասխան տվեց․ - «Այսօր ես այն տարիքին եմ, որ համարում եմ, որ ես իրավունք չունեմ լինել կինոքննադատ: Կինոքննադատն այն մարդն է, որն իր ժամանակակիցների արվեստն է գնահատում: Իմ ժամանակը անցել է, հիմա նոր սերունդ է եկել, և իրենց սերնդից պետք է դուրս գա այն մարդը, որը կողքի հայացք նետի իրենց ստեղծած ֆիլմերին և գնահատականներ տա»:
Նրա համոզմամբ, այսօր ստեղծվում է կինոյի նոր տեսակ, ծնունդ են առնում ֆիլմեր, որտեղ մեկ մարդը թե՛ պրոդյուսեր է, թե՛ սցենարի հեղինակ և թե՛ ռեժիսոր: Այս դեպքում, ասում է, դժվար է կինոքննադատի հայացքով նայել, որովհետև ավանդական կինոն կոլեկտիվ աշխատանք է:
Հասմիկյանը ցավով նկատում է, որ հիմա անգամ առաջին կուրսի ուսանողներն են փորձում այդպես ֆիլմեր ստեղծել ու դա անվանել հեղինակային կինո․ - «Ես դեմ եմ այդ հասկացողությանը, դա սխալ մեկնաբանություն է: Արթհաուս չի, արթհաուսը բարձր արվեստ է․․․ Դա չի նշանակում, որ առաջին կուրսում կարող է անել հեղինակային կինո: Չնայած մենք ունենք նման անուն՝ Արտավազդ Փելեշյան, որի հենց առաջին ֆիլմերից մեկը դարձավ հանճարեղ: Բայց դա ուրիշ խոսակցություն է»:
Անդրադառնալով վերջին տարիներին հայ կինոյի առջև ծառացած խնդիրներին՝ Հասմիկյանն ասաց․ - «Ես մտահոգված եմ: Որովհետև եթե չկա «Հայֆիլմ» կինոստուդիան, եթե այսօր հեղհեղուկ վիճակում ա կինոկենտրոնը, ո՞նց կարող է ստեղծվել էդ կինոն, որտե՞ղ է ստեղծվում էդ կինոն: Ընկերը ընկերոջ ֆիլմը չի տեսնում: Իսկ առանց մթնոլորտի կինո չի ձևավորվում․․․ Որովհետև կատարվեց «պրիվատիզացիա», մեր պայմաններում ֆիլմի տերը դառնում ա փող տվողը»:
Նա դեմ է նույնիսկ համատեղ ֆիլմարտադրությանը․ - «Իսկական հայկական կինոն ստեղծվում է Հայաստանում սեփական փողերով: Հենրիկ Մալյանը հենց փորձեց դուրս գալ, նկարել «Կոմիտասը» Գերմանիայում, այն էլ՝ մեր փողով, ինքը շփոթվեց: Վերադարձավ ու հրաժարվեց նկարել»:
Հարցին, թե ինչպիսին է տեսնում հայ կինոյի հետագա ճակատագիրը, Սուրեն Հասմիկյանն արձագանքեց․ - «Անհնարին ա հիմա գուշակել: Բայց եթե արվեստի արժեք ստեղծվի, եթե իսկապես արվեստի արժեք ունենա, հետո կապրի»: