Բողոքի ակցիայի հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։
«Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժածները՝ ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել են և ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն՝ դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից», - գրել է Դանիելյանը:
Նրա փոխանցմամբ, այսօր ՝ժամը 14:00-ի սահմաներում, Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել էին Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
«Ոստիկանության աշխատակիցը /Ա. Կ. 1992 թվականի ծնված/ ստացել է գլխի շրջանի վնասվածք, իսկ մյուս քաղաքացին /Հ. Ս. 1953 թվականի ծնված/ ստացել է գոտկային շրջանի վնասվածք», - գրել է Դանիելյանը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հրամանով երեկվանից սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք այսօր փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։
Այդ ընթացում Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին տեղափոխվեց 16 քաղաքացի՝ ոստիկանների օրկնական պահանջը չկատարելու համար։