Մատչելիության հղումներ

Գարեգին երկրորդը Զուրաբիշվիլիի հետ քննարկել է նաև Վրաստանում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Նորին Սրբությունը կարևորել է երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը:

Վեհափառ Հայրապետը ողջունել է երկու երկրների միջև ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով դարավոր բարեկամությանը:

Նորին Սրբությունը հաստատել է, որ երկու ժողովուրդների բարեկամության մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում հավատքի շնորհիվ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ:

Գարեգին երկրորդը կարևորել է ներկա ժամանակներում քրիստոնեական նույն արժեհամակարգի անաղարտ պահպանությանն ուղղված ջանքերը և այդ գործում իշխանությունների զորակցությունը:

Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձել է Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին` հույս հայտնելով, որ դրանք վրաց իշխանությունների հոգածությամբ կգտնեն իրենց լուծումը:

Իր հերթին նախագահ Զուրաբիշվիլին անդրադարձել է Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Խոսելով տարածաշրջանում տիրող իրավաճակի մասին` Վրաստանի նախագահը նշել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի:

Վրաստանի նախագահը նաև անդրադարձել է երկու երկրների միջև առկա համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը քննարկել են նաև երկու երկրների ու ժողովուրդներին հուզող խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG