Մատչելիության հղումներ

Երևանը և Բաքուն համաձայնեցնում են Փաշինյան-Ալիև հանդիպման օրը․ Մամեդյարով


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Դավոսում, 22-ը հունվարի, 2019թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Դավոսում, 22-ը հունվարի, 2019թ․

Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցնում են երկու երկրների ղեկավարների հանդիպման օրը, «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությանն այսօր հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը նախապատրաստվում է։ Համանախագահներն աշխատում են այս ուղղությամբ։ Այս պահին համաձայնեցվում է հանդիպման օրը, որի մասին ավելի ուշ կհայտարարվի», - ասել է Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու շուրջ, ընդ որում՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը չի բացառել, որ նախարարները հանդիպեն Ալիև-Փաշինյան բանակցությունների նախօրեին։ «Ամեն ինչ կարող է լինել: Չեմ ուզում նախօրոք խոսել այս մասին, չեմ ուզում աժիոտաժ ստեղծել», - ասել Մամեդյարովը։

Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 7-րդ գլոբալ ֆորումին իր ելույթում հայտարարել է, թե ղարաբաղյան բանակցային ձևաչափի փոփոխման փորձերը ուղղված են բանակցությունների արգելափակմանը։ Ալիևի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում ցանկանում է փոխել բանակցությունների ձևաչափը, ինչն ուղղված է դրանց արգելափակմանը։ «Այս ձևաչափն արդեն երկար ժամանակ է գործում և չի կարող փոխվել», - ասել է նա: Ալիևը նաև հավելել է, թե ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված ստատուս քվոն պետք է փոխվի, հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

Հիշեցնենք, երեքշաբթի օրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է տեսակետը, որ Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: Փաշինյանի այս հայտարարությունը հնչեց Ալիևի հետ հանդիպումից առաջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հորդորից հետո, թե անհրաժեշտ է զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն:

Երեկ էլ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը Երևանում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ որևէ փոփոխություն ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG