Այնուհանդերձ, երեկվա նիստը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի սպասումները չի արդարացրել․ - «Մենք, ինչին որ սպասում ենք, Արցախի ժողովուրդը սպասում է, որ լիարժեք շեշտադրումը պետք է լիներ, այդ մասին ոչ մի բառ չասելով՝ եթե դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների»։
Ծառուկյանը կարծում է, որ Արցախի ապագայի հարցում իշխանություն - ընդդիմություն, Հայաստան - Սփյուռք պետք է համախմբվեն։ Այսօր, ի դեպ, ԲՀԿ-ականները Ղարաբաղի դրոշներով էին խորհրդարանի դահլիճ մտնում: Ասացին, որ ակցիա են իրականացնում՝ «Արցախը մենք ենք» խորագրով։ Նրանց մտահոգել է ԵԱՀԿ միջնորդների վերջին հայտարարությունը, որը, ինչպես Ծառուկյանը որակեց, անընդունելի է։
«Ես կարող եմ գրել և ստորագրել՝ լուծումը միայն միասնականությունն է, որ պետք է մենք կարողանանք ինչ ունենք կրկնապատկենք, եռապատկենք՝ ուժեղի հետ են հաշվի նստում», - ասաց ԲՀԿ ղեկավարը։
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը Փաշինյանի երեկվա ելույթը բնորոշեց մտածված՝ Ադրբեջանին ու միջազգային հանրությանն ուղղված հստակ շեշտադրումներով ու ուղերձներով: Ասաց, որ բանակցային սեղան ղարաբաղյան կողմի վերադարձի հարցում աջակցում են իշխանությանը, բայց մինչև հիմա այդ հարցով միջազգային հանրության հետ իշխանության տարած աշխատանքից գոհ չեն։
«Քանի դեռ միջազգային հանրության տարբեր հարթակներում, օրինակ` Յոհաննես Հանից սկսած մինչև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար կամ, չգիտեմ, այլ կառույցներում ներկայացուցիչներ, նրանք ևս չեն ասում, որ «բայց կարծում եմ երևի թե պետք է, որ Արցախը վերադառնա»,, հասկանո՞ւմ եք, երբ որ նրանք միակարծիք լինեն, Ադրբեջանին այլ տարբերակ չի մնա, որ ինքը համաձայնվի: Բայց որ սպասենք՝ Ալիևը պետք է ասի, Ալիևը երբեք չի ասի, որ «հա, թող վերադառնան», այսինքն՝ պետք է միջազգային հանրության հետ աշխատանք տանել միաժամանակ, որ բոլոր մայրաքաղաքներից մենք միանման ուղերձներ ունենանք», - նշեց Մարուքյանը։
Երեկ Փաշինյանը շեշտել էր, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում քմահաճույք չէ, ոչ էլ նախապայման, այլ պարզ արձանագրումն է այն բանի, որ կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:
Նախկին իշխանության՝ Հանրապետականի ներկայացուցիչները ևս անդրադարձել են վարչապետ Փաշինյանի հայտարարություններին:
Պաշտպանության նախկին փոխնախարար, հանրապետական Արտակ Զաքարյանը համոզված չէ, որ Փաշինյանի կառավարությանը կհաջողվի իրականացնել մտածածը: Այնուհանդերձ Ֆեյսբուքում նշում է․ - «Անկախ նրանից, թե կողմերից ով ինչպիսի վերաբերմունք կունենա Արցախի մասնակցությանն այս փուլում, հարցը միշտ անհրաժեշտ է բարձրացնել՝ առանց ապակառուցողականության դաշտ մտնելու»:
Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով, Փաշինյանի ելույթը կատարյալ չէր, բայց նրա՝ պաշտոնավարման ընթացքում ունեցած ամենածրագրայինն էր։ Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Աշոտյանը երեկ երեկոյան նկատել է՝ անկախ ներքաղաքական տարաձայնություններից կա Արցախյան հակամարտության շուրջ ազգային կոնսոլիդացիայի խնդիր։
«Խոստովանենք, որ այս մոտեցումը, այսպես ասած, քաղաքական գործչի մոտեցումների և վարչապետի, բանակցությունների համար պատասխանատու անձի մոտեցումների սինթեզը այս փուլում կարող է աշխատել, որպես նախերգանք Ալիև-Փաշինյան գալիք հանդիպմանը։ Բնական է, որ ամբողջ հայ հասարակությունը, Արցախի հասարակությունը, քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները, այդ թվում՝ ես շարունակելու եմ հետևել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կատարում իր այս խոստումը», - ասել է Աշոտյանը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Երևանը վարում է Արցախի սուբյեկտության բարձրացման քաղաքականություն: Իսկ Ստեփանակերտում երեկ տեղի ունեցածը Բադալյանը շրջադարձային գնահատեց։
Երբ Փաշինյանը հարց է հնչեցնում՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունն ընդունում է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք, ապա՝ ասում, որ դրանք պարզաբանման կարիք ունեն, ի՞նչ նկատի ունի։ Բադալյանի գնահատմամբ՝ դա «Մադրիդյան» կոչվող սկզբունքները փաստացի մերժելու հայտարարություն է․ - «Ուղիղ հրաժարման մասին խոսք չի լինում, այլ առաջարկի տեսքով, որ նոր բովանդակության շուրջ քննարկումներ իրականացնենք, որպեսզի չստեղծվի նոր փակուղի։ Մենք ունենք հին փակուղին, որը պայթեց ապրիլյան պատերազմով, և որը շարունակվելու դեպքում անխուսափելի էր դառնալու ճգնաժամը և նոր պատերազմի վտանգը»:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, իշխանական «Իմ քայլ»-ից Հովհաննես Իգիթյանի կարծիքով, Փաշինյանի ասածը հետևյալն է․ - «Ես չեմ կարծում, որ մենք որևէ սկզբունքների [մասին]՝ Մադրիդյան, նախկինում նշված, Կազանյան և այլն, պետք է խոսենք հիմա, որովհետև այս ամեն ինչը մնացել է քաղաքական, դիվանագիտական արխիվում, և այս բոլոր առաջարկությունները ցույց են տվել իրենց ոչ կենսունակ լինելը։ Այսօր գնալ, ստեղծել պայմաններ՝ բանակցային փուլ վերսկսելու համար, և նշել ինչ-որ մի բան, որը մերժված է այս կամ այն ձևով, այս կամ այն դիվանագետների կողմից, ինձ թվում է, որ դա ոչ կառուցողական մոտեցում է»։