Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ Հայաստանը և Վրաստանը համակարծիք են, որ հակամարտությունները և դրանց կարգավորման հիմքերը նույնական չեն


«Կարևոր է, որպեսզի տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները չտեղափոխվեն Վրաստանի տարածք», - այսօր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, շեշտելով․ - «Մեզ համար շատ կարևոր է, որ ծագումով հայ և ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիները խաղաղ ապրեն մեր երկրում, և ինտեգրված լինեն Վրաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին»:

Զուրաբիշվիլիի խոսքով, ինքը, որպես երկրի նախագահ, պարտավորված է ավելին անել, որպեսզի Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների համար վրացերեն լեզվին տիրապետելն ավելի հեշտ լինի:

Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն հարևան, այլև բարեկամ երկրներ են․ - «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որի համար վճռական նշանակություն ունի կայունությունն ու խաղաղությունը: Սրանք պարտադիր նախապայմաններ են երկու երկրների տնտեսական զարգացման համար»:

Խոսելով տարածաշրջանի հակամարտությունների մասին՝ Վրաստանի նախագահն ասաց, թե դրանք պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։

Մինչդեռ անցած ամիս Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Բաքվում էր, որտեղ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Ադրբեջանի հետ միևնույն խնդիրների միջով են անցել:

«Այսօր մենք գիտենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը դեռևս վերականգնված չէ: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները», - Բաքվում ասել էր Սալոմե Զուրաբիշվիլին:

Ուշագրավ է, որ այսօր նախագահական նստավայրում համատեղ հայտարարության ժամանակ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շեշտեց, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ քննարկելով տարծաշրջանային հակամարտությունները, համակարծիք են եղել, որ հիմնահարցերը և համակարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն դրանց կարգավորման հիմքերը․ - «Իմ անձնական համոզմամբ, լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա»:

Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ հայ-վրացական հարաբերություններին բնորոշ է փոխըմբռնման և վստահության մթնոլորտը՝ տեղեկացնելով, որ ուրախությամբ է ընդունում Վրաստան այցելելելու Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերը:

Այսօր ավելի ուշ Վրաստանի նախագահին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման ընթացքում Փաշինյանն ընդծել է, որ երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունեն:

Հայաստանի վարչապետը նաև շեշտել է, որ այն փաստը, որ ինքը առաջին պաշտոնական այցը կատարել է Վրաստան, ցույց է տալիս իր ղեկավարած կառավարության և անձամբ իր առանձնահատուկ ուշադրությունն ու կարևորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG