Դատարանը հետաձգեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու հարցի քննությունը։
«Կարելի է ասել, այսօր մեր դատավարական հակառակորդները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, նրանք պնդում են, որ երկու ամիս ժամկետով երկարաձգվի կալանավորումը։ Նույն փաստարկներն են բերվում, որ եթե ազատության մեջ լինի, ապա կարող է խուսափել քննությունից, կամ խոչընդոտել քննությանը։ Վաղը մեր գնահատականները կհնչեն։ Այսօր հետաձգվեց, որպեսզի վաղն ամբողջական ձևով մենք մեր փաստարկները ներկայացնենք», - նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Նիստը կշարունակվի վաղն՝ առավոտյան ժամը 10-ին։
Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) էր նոր միջնորդություն ներկայացրել դատարան՝ ևս երկու ամսով երկարացնելու «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը։
Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքից բացի, նախաքննական մարմինը մեկ ամիս առաջ ավելացրեց նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանք:
Նախկին նախագահը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից։
Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր ՀՔԾ միջնորդությունը և երկու ամսով երկարացրել Քոչարյանի կալանքի ժամկետը։
Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը, սակայն, Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ մերժվել էր։