Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան բանակցային ձևաչափի որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար. Լայչակ


Որևէ փոփոխություն ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Այդ մասին այսօր Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

«Մենք ունենք գործընթաց, որն անցկացվում է արդեն գործող ձևաչափով և որն արդեն իսկ որոշակի արդյունքների հանգեցրել է: Իհարկե, Հայաստանի կառավարությունն է, որ պետք է որոշի, թե ինչպես է աշխատելու, բայց բանակցային ձևաչափի որևէ փոփոխություն պետք է ընդունվի բոլոր կողմերի համար: Ես կարծում եմ՝ մենք բավարար ժամանակ հատկացրել ենք այս խնդիրների քննարկմանը, և վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ բանաձև ունի գոյություն ունեցող ձևաչափում բանակցությունների շարունակման համար», - նշեց Լայչակը։

Երեկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր տեսակետը, որ Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: Փաշինյանի այս հայտարարությունը հնչեց Ալիևի հետ հանդիպումից առաջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հորդորից հետո, թե անհրաժեշտ է զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման ժամկետներ չնշեց, միայն վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո շարունակել հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը։

«Մենք բազմիցս ենք ընդգծել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի հանդիպմանը, իսկ մինչ այդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում։ Այս դրույթները մինչ օրս շարունակում են մնալ առարկայական։ Այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների իրականացումը առանց համապատասխան ծանուցման, ոտնահարելով ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների պահանջները, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության և վստահության մթնոլորտի ամրապնդմանը», - ընդգծեց Մնացականյանը։

ԵԱՀԿ գործող նախագահը նաև Սլովակիայի արտաքին գործերի նախարարն է, և իր պաշտոնավարման ժամանակ Եվրամիության անդամ երկիր Սլովակիայից չեխական արտադրության մահաբեր զենք է ուղարկվել Բաքու՝ Իսրայելի տարածքով: Այսօր Լայչակը նշեց, որ Հայաստանյան գործընկերները բարձրաձայնել են այս հարցը, եղել է ուսումնասիրություն, և Սլովակիայի կողմից սխալ չի հայտնաբերվել։

«Իսրայելի և Սլովակիայի միջև առանձին համաձայնագիր է եղել և առանձին փաստաթղթեր են եղել, որոնցում ամրագրված է եղել, որ վերջնական ստացողը Իսրայելն է: Մենք մի քանի անգամ քննարկել ենք այս հարցը՝ ներառյալ նախարար Մնացականյանի հետ: Կարծում եմ գործը փակ է», - ընդգծեց ԵԱՀԿ գործող նախագահը:

«Մենք չենք ողջունում սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում և բավական զգայուն ենք նման հարցերի հանդեպ, և շնորհակալ եմ իմ գործընկերոջը՝ Միրոսլավին, որ մենք կարողացել ենք ներգրավվել նման երկխոսության մեջ», - ասաց Մնացականյանը։

Վերջին երեք տարում սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան: Իսկ այս կարգավիճակում Միրոսլավ Լայչակը արդեն չորրորդ անգամ է հանդիպում Մնացականյանի հետ, և կողմերը հանդիպումները կառուցողական են որակում:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ հարաբերություններին, նախարար Լայչակը խոստացավ աջակցել Հայաստանում Սլովակիայի դեսպանատան բացման աշխատանքների խթանմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG