Մատչելիության հղումներ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն դեռ չկա


2017 թվականի օգոստոսին կառավարության որոշմամբ ստեղված, ապա նույն տարվա դեկտեմբերին պաշտոնապես բացված «Մեղրի» ազատ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն դեռ չկա:

Փոխարենը դրա հարակից հողերի սեփականաշնորհման կասկածելի գործարքները իրավապահների ուշադրության կենտրոնում են։

«Քրեական գործ կա հարուցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի 308֊րդ հոդվածի առաջին մասով և 314-րդ հոդվածի առաջին մասով», - «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը:

2017 թվականի դեկտեմբերին ազատ տնտեսական գոտու բացմանը այն ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այդ գոտին «նպաստելու է տարածքային համաչափ զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը»։ Նախատեսվում էր, որ տնտեսական գոտին պիտի ստեղծվեր փուլերով․ առաջին փուլում կառուցապատելու էին Մեղրիի մաքսային կետը՝ հարակից տարածքը, ինչն արդեն արվել է։ Երկրոդ փուլում 70 հեկտարով պետք է ավելացվեին ազատ տնտեսական գոտու տարածքները՝ բիզնեսին տրամադրելու համար։

Այս տեղեկությունը սակյան դեռ 2014 թվականին հայտնի է եղել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահին՝ Մարտին Սարգսյանին, ով, ըստ ոստիկանության նյութերի, այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբարհամյանի անունից դիմել էր հայ-իրանական սահմանին գտնվող Կարճևան համայնքի պետին։

Ոստիկանությունը, մասնավորապես, հայտնել է, որ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահը, իր տեղակալի հետ այցելել է Կարճևան համայնք, համայնքի ղեկավարին ցույց տվել ապագայում ստեղծվելիք «Մեղրի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքները, և վարչապետի անունից համայնքի ղեկավարին հանձնարարել նշված տարածքները օտարել «Էյ-Սի-Էյ» ՓԲԸ-ին՝ կեղծ աճուրդով:

«Համայնքի ղեկավարը կազմակերպել է հիշյալ հողերի աճուրդային եղանակով օտարելու ապօրինի գործընթաց, փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել: Գործը հարուցել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, նախաքննությունը իրանակացնում է Քննչական կոմիտեն», - տեղեկացրել Արևիկ Խաչատրյանը:

Ոստիկանությունը հայտնում է, որ արդեն 2014 թվականի օգոստոսին գյուղատնտեսական նշանակության 32 հեկտար տարածքն օտարվել է ընդամենը 2.5 միլիոն դրամով։ Իսկ ավելի ուշ՝ արդեն 2016 թվականին համայնքի ղեկավարն իր հերթին, կրկին ձևական աճուրդով, իր աներորդուն է օտարել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի անմիջապես հարևանությամբ գտնվող 1,4 հա հողամաս՝ 2 միլիոն դրամով։

Էկոնոմիկայի նախարությունից տեղեկացանք, որ այժմ Մեղրու տնտեսական գոտում տնտեսական գործունեություն չկա․ դրա ստեղծման առաջին փուլն արդեն ավարտվել է, իսկ 2-րդն իրականցնելու համար հարկավոր է հետ ձեռք բերել նախկինում վաճառված հողատարածքները։

Կառավարության վերջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ազատ տնտեսական գոտու հարցին՝ նշելով, այդ հողերը պետությունից ժամանակին ձեռք են բերվել «ծիծաղելի գներով»․ - «Եվ երբ ես անցյալ տարի այցելեցի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, արձանագրվեց, որ այնտեղ, ըստ էության, հողատարածք չկա»:

«Ոստիկանության գործընկերները մեզ տեղեկացնում են, որ մի քանի ամիսների ընթացքում, հաշվի առնելով այն փաստերը, որ առկա են տվյալ գործի շրջանակներում, միանշանակ է, որ տվյալ հողատարածքը ենթակա է վերադարձման պետության հաշվեկշռին: Եվ դա, ըստ մեր գործընկերների, կտևի երկուսից երեք ամիս», - պատասխանել էր Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ իր հերթին նշեց, որ հնարավորության սահմանում կարագացնեն նախաքննության ընթացքը․ - «Եթե իսկապես դրանց արդյունքում կհիմնավորվեն խախտումներ, առավել ևս՝ կեղծիքների տեսքով, ապա այդ գործարքները լուծելու հիմքեր կունենանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG