Մատչելիության հղումներ

Հրազդանի նախկին քաղաքապետը չի ընդունում մեղադրանքը. փաստաբան


Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյան, արխիվ
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյան, արխիվ

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը չի ընդունում մեղադրանքը, «Ազատության» հետ զրույցում հայտարարում է նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

«Դանիելյանը մեղքը չի ընդունել և վճարած գումարը, այո, իրոք 102 միլիոն դրամ է վճարել», - նշեց Սիրունյանը։

Քննչական կոմիտեն օրեր առաջ հաղորդեց, որ Դանիելյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու համար։

Ըստ իրավապահների, Դանիելյանը քաղաքապետարանի հարկային բաժնի պետի և պետի տեղակալի միջոցով, 2015-2018 թվականների ընթացքում յուրացման և վատնման եղանակով հափշտակել է որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ավելի քան 100 միլիոն դրամ, որն էլ ծախսել է իր անձնական կարիքների համար։

Նախկին քաղաքապետը ձերբակալվել էր փետրվարի 26-ին և արդեն փետրվարի 28-ին, ըստ Քննչական կոմիտեի, Դանիելյանը ընդունել է իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված ավելի քան 100 միլիոն դրամի վնասը և ազատ արձակվել։

«Ազատության» հարցին՝ եթե Դանիելյանը մեղքը չի ընդունում, ինչո՞ւ է այդ դեպքում վճարել պահանջվող գումարը և, ըստ Քննչական կոմիտեի, վերականգնել վնասը, փաստաբանը պատասխանեց. «Բայց դա վնասի հատուցում չի, դա մենք վճարել ենք դեպոզիտ հնարավոր վնասների ապահովման համար, որովհետև սկսվելու էր էն կինոն, որը ընդունված է մեր օրգաններում՝ կալանավորում, աղմուկ և այլն։ Մարդը փողը մուծել է ի ապահովում իր կալանքից խուսափելու։ Հիմա մենք արդեն մեր նամակներն ուղարկել ենք, ընդ որում՝ բազմաթիվ։ 102 միլիոն էդ մարդուն որ մեղադրանք եք առաջադրել, նախ ինքներդ չեք կողմնորոշվել՝ դա վատնվե՞լ է, թե՞ յուրացվել է։ Մեղադրանքից նույնիսկ չի հետևում՝ Արամ Դանիելյանը յուրացրե՞լ է, թե՞ վատնել է, բայց ամենակարևորը, որ 102 միլիոնը որտեղի՞ց եք ստացել»։

Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները Հրազդանի համայնքապետարանում առերևույթ կատարված յուրացումներին մասնակից անձանց շրջանակը պարզելու համար, այս պահին ի թիվս այլ անձանց հիմնավորվել է Հրազդանի նախկին քաղաքապետի մասնակցությունն այդ յուրացումներին, և որ նախաքննական մարմինը Դանիելյանին մեղադրանք է առաջադրել անհերքելի փաստերի համակցությամբ: Այս գործով կա 8 մեղադրյալ։

Արամ Դանիելյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նրա փաստաբան Սիրունյանն ասաց՝ ավելի քան 100 միլիոն դրամը Դանիելյանը վճարել է բարեկամների շնորհիվ, գումարի մեծ մասը վճարել է նրա՝ Ռուսաստանում բնակվող եղբայրը։ Փաստաբանը նաև պնդում է՝ քննչական մարմինը չի հստակեցնում մեղադրանքը։

«Դանիելյան Արամը շարունակում է ցուցմունք չտալ՝ ասելով, որ «հայերեն ասեք՝ ի՞նչ եմ արել, ե՞րբ եմ արել, ի՞նչ չափով եմ արել»։ Ինձ բացատրեք՝ Դանիելյան Արամը էդ 102 միլիոն դրամը վատնե՞լ է, թե՞ յուրացրել է, ո՞ր թվին ինչքանը, ի՞նչ եղանակով, որովհետև ես ունեմ շատ լուրջ մտավախություն, որ սա նկարած թիվ է», - ասաց Սիրունյանը։

Արամ Դանիելյանի փաստաբանի պնդմամբ, եթե Դանիելյանն իսկապես մեղավոր լիներ, ապա դժվար թե վերահսկող կառույցները չհայտնաբերեին այդ յուրացումները։

«Ազատության» հարցին՝ գուցե նախկին իշխանություններն ա՞չք են փակել, Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց. «Էն ժամանակվա իշխանությունների գաղափարն էլ ընդունեցի, բայց կա մի հատ ուրիշ գաղափար՝ Դանիելյան Արամը, եթե նույնիսկ առնչություն ունենար էդ ամեն ինչին...., Դանիելյան Արամը հեղափոխությունից հետո դեռ չորս ամիս պաշտոնավարել է, այսինքն, էլեմենտար բան է՝ արածդ դնում ես տեղը, որ աուդիտը դա չհայտնաբերի»։

Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարել է շուրջ 15 տարի: Նա քաղաքապետի պաշտոնից հեռացավ միայն հեղափոխությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG