Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից առաջադրված մեղադրանքի հստակեցման վերաբերյալ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշումը բողոքարկվել է դատարան:
«Ներկայացված բողոքի քննության վերաբերյալ նախօրեին կայացել է դատական նիստ, որին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը, դատախազ Պետրոսյանը և ՀՔԾ քննիչ Մուշեղյանը: Հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, իսկ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ», - ասված է նախկին նախագահի պաշտպանական խմբի հաղորդագրությունում:
Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, մեկ ամիս առաջ ՀՔԾ-ն ավելացրել է նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը: Նախկին նախագահը անցած տարվա դեկտեմբերի 7-ից կալանավորված է: