Հեղափոխությունից հետո Արևմուտքում ավելի շատ են ուշադրություն դարձնում Հայաստանին, երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:
Երևանում գտնվող Բարսամյանը հավելեց՝ առաջարկելու են ԱՄՆ Կոնգրեսին Հայաստանին տրամադրվող ամերիկյան տարեկան աջակցության ծավալը հասցնել մոտ հարյուր միլիոն դոլարի:
«Ակնհայտ է, որ ավելի շատ են ուշադրություն դարձնում Հայաստանին: Արևմուտքում Հայաստանը դարձել է կարևոր պատմություններից մեկը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այստեղ էր՝ Հայաստանում: Գիտեք, որ ամերիկահայերի տեսանկյունից միշտ էլ լավ է, երբ ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատները չեն գտնվում մեկ քաղաքական ուժի իշխանության ներքո: Ներկայում Սենատում իշխում են հանրապետականները, Ներկայացուցիչների տանը՝ դեմոկրատները: Սա շատ լավ է մեզ համար, որովհետև ներկայում մենք բարեկամներ ունենք հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունների ղեկավարների շրջանում, սա սովորաբար լավ արդյունքների է հանգեցնում Հայաստանի համար», - ասաց Էնթոնի Բարսամյանը։
Միացյալ Նահանգներում հայկական ազդեցիկ լոբբիստական կառույցի ներկայացուցչի խոսքով՝ Կոնգրեսին առաջարկելու են, որպեսզի Հայաստանին տրամադրվող Միացյալ Նահանգների օժանդակությունը կազմի հարյուր միլիոն դոլար:
«Առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը ներկայացվելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ: Բացի այդ, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի մյուս համանախագահ Վան Գրիգորյանը Ներկայացուցիչների տան բյուջետային հանձնաժողովում Հայաստանին տրամադրվող օժանդակության փաթեթի վերաբերյալ պատասխանելու է հարցերի: Միշտ ասել եմ, որ Հայաստանն օժանդակության մեծ փաթեթի կարիք ունի՝ մոտ մեկ միլիարդ դոլարի: Սակայն, ԱՄՆ կողմից որպես արտաքին օժանդակություն հատկացվող փաթեթը սովորաբար ավելի համեստ տեսք ունի: Կարծում եմ, այս անգամ առաջարկելու ենք Հայաստանին հատկացնել հարյուր միլիոն դոլարի հասնող օժանդակություն», - ասաց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահը:
Մոտ մեկուկես ամիս առաջ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Լորա Քեյ Քուփերն ուշագրավ հայտարարություն արեց, թե Միացյալ Նահանգները մտադիր է խորացնել Հայաստանի հետ կապերը պաշտպանության և անվտանգության ոլորտում:
Քուփերը հավելել էր՝ մոտ ապագայում այցելելու է Երևան ու փորձելու է հասկանալ, թե ինչպես կարելի է այդ անել:
Էնթոնի Բարսամյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսված է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այցը ԱՄՆ:
Նա ընդգծեց՝ Վաշինգտոնում ծրագրեր կան անվտանգության ոլորտում ընդլայնել կապերը Հայաստանի հետ։
«Հայաստանի պաշտպանության նախարար Տոնոյանն առաջիկայում այցելելու է Միացյալ Նահանգներ, լինելու է Նյու Յորքում և Կանզաս նահանգում: Ինչպես գիտեք, Հայաստանի պաշտպանության նախարարությունը համագործակցում է Կանզասի Ազգային գվարդիայի հետ: Հայաստանը գերազանց աշխատանք է կատարում ՆԱՏՕ-ի հետ՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, նաև աշխատում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հետ: Կարծում եմ՝ շատ կարևոր է այստեղ ցուցաբերել հավասարակշռված մոտեցում», - ասաց Էնթոնի Բարսամյանը։
Երևանում Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին ընդունել են Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: