«Ազատություն». - Դուք տարիներ շարունակ պայքարել եք բռնությունների դեմ, մարդկանց իրավունքների խոչընդոտման դեմ, և դուք մի քանի ընկերներով որոշում եք գնալ, դարանակալել Նարեկ Մալյանի տան մոտ, հետո որոշում եք, որ նրան պետք է աղբարկղը նետեք: Ինչո՞ւ։
Դավիթ Պետրոսյան. - Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ պետք է կոնկրետ դեպքով նայենք։ Այս դեպքը մեր արժանապատվության, հասարակայնության մեջ առկա շատ վատ մի հատվածի ի դերև հանելու խնդիր էր: Մեր քաղաքական ակցիայի նպատակը այն էր, որ ամիսներ շարունակ, հատկապես հեղափոխությունից հետո, հայհոյանքներով, վիրավորանքներով, զրպարտություններով սեփական քննադատական խոսքը համեմող մարդկանց տալ պատասխան և ասել, որ այդպես չպետք է աշխատել։
«Ազատություն». - Դաստիարակչական բնո՞ւյթ էր կրում ձեր արածը։
Պետրոսյան. - Իմ կարծիքով, մենք էդ լիազորությունը կամ պարտականությունը չունենք։ Ուշադրություն գրավելու քաղաքական ակցիա է եղել մեր գործողությունը։ Մեր գործողությունը ուղղված է եղել կոնկրետ անձի դեմ՝ կոնկրետ խնդիր բարձրացնելու համար։
«Ազատություն». - Իրավական ճանապարհով այդ հարցը չէի՞ք կարող լուծել։
Պետրոսյան. - Իմ կարծիքով, իրավական ճանապարհում կոնկրետ բաց կա, և հասարակական, քաղաքական գործիչների արձագանքը շատ պարզ ցույց տվեց, որ այդ հարցով մենք բաց ունենք։ Իմ կարծիքով, բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում արժանապատվության, այսպես ասած, հարվածներից մեկը այն է, երբ որ հայհոյում են, ու հայհոյում են, այսպես ասած, ամենավատ ձևով, առաջանում է բաց, էդ բացի արդյունքն է հենց այն, որ մարդիկ կան, որ իրենց շատ ազատ այդպիսի ստոր արարք են ցույց տալիս։
«Ազատություն». - Օգտատերերից մեկը հարցնում է՝ ձեր կառույցը 20 հազար դոլար գրանտ է ստացել Սորոսի ֆոնդից, որից հետո ավելի մեծ թափով եք շարունակում ԵՊՀ-ի կազմաքանդման գործընթացը: Ի՞նչ արդյունքի եք ուզում հասնել, ո՞րն է ձեր նպատակը։
Պետրոսյան. - Այո, «Ռեստարտի» անունը շոշափվում էր և շարունակելու է շոշափվել, որովհետև «Ռեստարտը» շարունակելու է զբաղվել էն խնդիրներով, որոնք հրատապ են լուծման, որոնք շատ մարդկանց վերաբերում են, ունեն հանրային նշանակություն։ «Ռեստարտը» իր գործողությունները իրականացնելիս ոչ թե առաջնորդվում է հանրային կարծիքով, այլ «Ռեստարտը» առաջնորդվում է իր մանիֆեստով և իր անդամների խղճով ու երկրի հետ կապված շահով։ Դրամաշնորհի թեման շատ շոշափվեց․ այո, «Ռեստարտը» ստացել է դրամաշնորհ։ Դրամաշնորհից առաջ մենք ԵՊՀ-ում ինչ-որ գործողություններ չենք իրականացրել, բայց ԵՊՀ-ն շարունակում է մնալ «Ռեստարտի» ուշադրության կենտրոնում։ Դրամաշնորհը կոնկրետ միջոցառման համար է եղել: Մենք կարող ենք հաշվետվություն ներկայացնել, թե դա ինչի համար է։ Մենք շարունակելու ենք դիմել դրամաշնորհների, որովհետև «Ռեստարտը» մեծացող կառույց է, իր նախագծերի իրականացման համար ներգրավելու է ռեսուրսներ ու իր թափանցիկության հաշվին նաև ներկայացնելու է ինչի համար են ծախսվում գումարները։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․