Մատչելիության հղումներ

Վաղը Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պետք է որոշի՝ ԵՄ-ից դուրս գալ մարտի 29-ի՞ն, թե՞ հետաձգել ժամկետը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Մեկնարկել է Բրեքզիթի վճռական շաբաթը. վաղը Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պետք է որոշի՝ Եվրամիությունից դուրս գալ մարտի 29-ի՞ն, թե՞ հետաձգել ժամկետները:

Փակուղում հայտնված Բրեքզիթի գործարքի շուրջ քվեարկությունը գուցե և լավատեսություն ներշնչեր, եթե դրան նախորդած Լոնդոնի և Բրյուսելի միջև լարված բանակցությունները արդյունք տային: Մինչդեռ փաստաթղթում որոշ փոփոխություններ մտցնելու վարչապետ Թերեզա Մեյի խնդրանքը ԵՄ-ն մերժել է:

Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը երեկ ուշ երեկոյան Մեյի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ առաջիկա օրերին Բրեքզիթի հարցով հանդիպում պլանավորված չէ: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտա Սխինասը՝ շեշտելով, որ Եվրահանձնաժողովի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ գնդակը այժմ Մեծ Բրիտանիայի դաշտում է:

Համաձայնագրի տեքստում փոփոխությունների բացակայությունը նշանակում է, որ բրիտանական խորհրդարանը վաղը պլանավորված քվեարկության ժամանակ ամենայն հավանականությամբ դեմ կքվեարկի: Ավելի վաղ վարչապետ Մեյը խորհրդարանին խոստացել է, որ քվեարկությունը տապալվելու դեպքում հենց այս շաբաթ առաջարկելու է ընտրել՝ կա՛մ Լոնդոնը լքում է ԵՄ-ն մարտի 29-ին առանց գործարքի, կա՛մ Բրեքզիթի ժամկետները տեղափոխում են հունիսի վերջ՝ ժամանակ շահելու համար: Մեյի կարծիքով, սակայն, այս տարբերակներից և ոչ մեկը լավատեսություն չի ներշնչում, ինչի համար կան լուրջ պատճառներ:

Daily Telegraph-ին հայտնի է դարձել, որ Բրյուսելը կոշտ պատժամիջոցներ է մշակում Մեծ Բրիտանիայի համար՝ եթե որոշվի, որ գործարքը հետաձգվում է։ Պարբերականի տվյալներով, Լոնդոնը յուրաքանչյուր հետաձգված տարվա համար կվճարի 13,5 միլիարդ ֆունտ սթերլինգ: Նույնիսկ երեք ամսով հետաձգելու դիմաց բրիտանական կառավարությունից կպահանջվի միլիարդավոր ֆունտ սթերլինգների հաշիվ: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը՝ 2019-ի մարտի 29-ը, ամրագրված է օրենքով, և այն տեղափոխելու դեպքում խորհրդարանը պետք է փոփոխության ենթարկի օրենքը, ինչի համար ունի երեք շաբաթից պակաս ժամանակ, ընդ որում՝ նոր ժամկետները պետք է համաձայնեցնի նաև Եվրամիության հետ:

Եվրասկեպտիկ խորհրդարանականները դժգոհ են փաստաթղթից, քանի որ, ըստ դրա, Մեծ Բրիտանիան առնվազն մինչև 2020 թվականը, իսկ հնարավոր է՝ նաև ավելի երկար ժամանակ, փաստացի ամբողջությամբ պետք է ենթարկվի Եվրամիության կանոններին՝ միևնույն ժամանակ չունենալով ձայնի իրավունք:

Հակառակ ճամբարում գործարքին դեմ են սկզբունքորեն՝ պահանջելով այդ հարցով նոր հանրաքվեի անցկացում, ինչը, սակայն, անհնար է համարում վարչապետ Մեյը՝ վկայակոչելով 2016 թվականին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքը, ըստ որի բրիտանացիների մոտ 52 տոկոսը կողմ է քվեարկել Եվրոպական միությունից դուրս գալուն:

Բրիտանական օրենսդիր մարմնի կողմից մոտ երկու ամիս առաջ մերժված համաձայնագրում խնդրահարույց է նաև «հյուսիսիռլանդական բեքստոպի» հարցը, որը վերաբերում է Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդական Հանրապետության միջև սահմանային հսկողությանը: Նախատեսվում էր, որ Հյուսիսային Իռլանդիան կշարունակի ԵՄ մաքսային միության և միասնական շուկայի կազմում մնալ, եթե Լոնդոնը և Դուբլինը չկարողանան համաձայնության գալ ներիռլանդական սահմանի թափանցիկության շուրջ:

Իռլանդիա կղզու երկու հատվածներում սահմանային հսկողության բացակայությունը դարձավ այն առանցքային գործոնը, որը նպաստեց Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության կարգավորմանը: Լոնդոնում, սակայն, լուրջ մտավախություններ կան, որ Եվրամիության հետ հարաբերություններում Հյուսիսային Իռլանդիայի համար արվող բացառությունը կարող է վտանգել Միացյալ Թագավորության տարածքային ամբողջականությունը:

Բրյուսելում, այդուհանդերձ, շարունակում են պնդել, որ Բրիտանիայում ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի պատճառ դարձած համաձայնագիրը լավագույնն էր, որ Լոնդոնը կարող էր ստանալ, մերժելով դրանում փոփոխություններ մտցնելու առաջարկները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG