Վերջին հինգ տարիներին՝ 2014-2018 թվականներին, Ռուսաստանը 17 տոկոսով պակաս սպառազինություն է վաճառել, քան նախկինում, ասված է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) այսօր հրապարակած զեկույցում։
Ռուսաստանը վերջին տարիներին զգալիորեն պակաս սպառազինություն է վաճառել այս հարցում իր ավանդական գործընկերներ Վենեսուելային և Հնդկաստանին, ինչն էլ ազդել է ընդհանուր ցուցանիշների վրա։ Այնուամենայնիվ, այսօր Ռուսաստանը սպառազինությունների շուկայում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Ռուսաստանին բաժին է հասնում աշխարհում սպառազինության վաճառքի շուրջ 21 տոկոսը․ առաջին հորիզոնականում, ինչպես ավանդաբար, Միացյալ Նահանգներն է՝ 36 տոկոսով։ Հնգյակում են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը։
2014-2018 թվականներին Միացյալ Նահանգները զենք է վաճառել 98 երկրների, Ռուսաստանը՝ 48։ Ընդ որում, այս ժամանակահատվածում Ռուսաստանի վաճառած զենքի շուրջ կեսը գնել են Հնդկաստանը, Չինաստանը և Ալժիրը։ Զեկույցում նշված է նաև, որ ամենից շատ սպառազինություն այսօր գնում են Մերձավոր Արևելքի երկրները։
Ռուսաստանի համար սպառազինության վաճառքի ավանդական շուկա է նաև հետխորհրդային տարածքը, սակայն այստեղ քիչ են երկրները, որ ի վիճակի են զենքի համար մեծ գումարներ ծախսել, այս առումով Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է Ադրբեջանը։
Բաքուն այս վերջին տարիներին Մոսկվայից շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինություն է գնել․ սրանք այն պաշտոնական տվյալներն են, որ հնչեցնում են Ադրբեջանի իշխանությունները։ Ի դեպ, ադրբեջանական շուկայի համար Ռուսաստանը մրցակցում է Բելառուսի հետ։ Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի համաձայն՝ 2016-ին միայն Ադրբեջանը Բելառուսից գնել էր 170 միլիոն դոլարի զինամթերք:
Հավելենք նաև, որ վերջերս Ռուսաստանը առաջին անգամ սպառազինություն է վաճառել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, ընդ որում՝ խոսքը C-400 (S-400) նոր հրթիռային համակարգերի մասին է, ինչի պատճառով Անկարան լուրջ տարաձայնություններ ունի Վաշինգտոնի հետ։