Մատչելիության հղումներ

2018-ին պետությանը հասցվել է շուրջ 23 մլրդ դրամ վնաս, վերականգնվել է 8,5 մլրդը. ՊԵԿ նախագահի տեղակալ


ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուսատմ Բադասյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 11-ը մարտի, 2019թ․
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուսատմ Բադասյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 11-ը մարտի, 2019թ․

2018 թվականին Պետական եկամուտների կոմիտեի Քննչական վարչությունում հարուցված 134 քրեական գործի շրջանակներում պետությանը հասցվել է նախնական հաշվարկներով 23 մլրդ-ից ավելի վնաս, վերականգնվել է 8.5 մլրդը։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այդ մասին տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը, ով ներկայացրեց վերջին տարիների ընթացքում հարուցված քրեական գործերի քանակը, պետությանը պատճառված վնասի չափը և պետական բյուջե կատարված վերականգնումների չափը։

«16 թվականին [հարուցված] 86 քրգործերի շրջանակում 5 միլիարդ 450 միլիոնի մասին է խոսքը գնում, 17-ին 57 քրգործով 1 միլիարդ 830 միլիոնի մասին է խոսքը գնում, 18-ին ունենք 134 քրգործ, որով պետությանը պատճառած նախնական հաշվարկներով կա արդեն 23 միլիարդից ավելի գումար պետությանը պատճառված վնաս։ Սա նույն թվականների համար վերականգնումների պատկերն է, տեսնում եք՝ 16 թվականին՝ 4,5 միլիարդ, 17-ին՝ 8,4 միլիարդ, 18-ին՝ 8,5 միլիարդ։ 18-ի ցուցանիշը հիմնականում ապահովվել է հունիս ամսից հետո հարուցված կոռուպցիոն բնույթի քրգործերի վերականգնումներով», - նշեց Բադասյանը։

Հարցին, թե 2018-ին պետությանը պատճառված մոտ 24 միլիարդ գումարից մնացյալ չվերականգնված գումարը ե՞րբ է վերադարձվելու պետությանը, Բադասյանը պատասխանեց. «Քրեական գործի քննության միջին ժամկետները բավական երկար են։ Այսինքն՝ սա խոսքը գնում է 8,5 միլիարդ վերականգնման մասին, որից մոտ վեց միլիարդն է վերաբերում հունիսից այս կողմ հարուցված քրգործերի մասին, և քննությունը կարող է տևել տարիներ՝ տարբեր գործերով, տարբեր բարդությունների հետ կապված։ Այսինքն՝ 23 միլիարդի մասին, որ բարձրաձայնեցինք, դա հիմա քննչական վարչությունում քննվող ընթացիկ գործեր են»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ 2018-ին պետությանը պատճառած 23 միլիարդի վնասի հայտնաբերումը քաղաքական կամքի արդյունքն է նաև։

«Իհարկե, ավելի լուրջ վերլուծության կարիք կա հասկանալու համար՝ ի վերջո վնասի իրական չափերը, երևի շատ ավելի մեծ չափեր են եղել դրա նախորդ տարիներին, որը ուղղակի չի երևացել, թաքցվել է։ Բնականաբար, քաղաքական կամքի շնորհիվ, որ դրսևորվել է ավելի, արդյունավետ է դարձել պայքարը», - նշեց Հոկտանյանը։

2018-ին նախնական հաշվարկներով 23 միլիարդից ավելի վնասի հայտնաբերումը մի քանի ազդող գործոններով է պայմանավորում տնտեսագետ Արտակ Մանուկյանը. «Առաջինը, իմ կարծիքով, քաղաքական կամքի առկայությամբ պայմանավորված, որոշակիորեն էն մեխանիզմները, որոնք նախկինում եղել են, որոնցով որ որոշակիորեն տվյալ հարկային սուբյեկտները, ըստ էության, շրջանցել են պետական բյուջեներից....առաջինը քաղաքական կամքով պայմանավորված։ Սրանք արդեն նկատելի են դարձել։ Երկրորդը՝ որոշակիորեն ստվերայնության մակարդակի կրճատում։ Այնուհանդերձ, մենք պետք է հասկանանք, որ դեռևս էդ բնագավառում այնպես չէ, որ արդեն էդ խնդիրները լուծված են և ապագայում ևս ավելի հարկային վարչարարության և նաև ստվերի կրճատման մեծ ակնկալիքներ կան»։

2018-ին հարուցված քրեական գործերի շրջանակներում վերականգնված գումարը բացառապես կապվում է խոշոր բիզնեսի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG