Մատչելիության հղումներ

Դատապարտելի են Արցախի հարցի վերաբերյալ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները. Աննա Նաղդալյան


ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ մեկնաբանությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքէջը։

Ըստ հաղորդագրության՝ Նաղդալյանը մասնավորապես ասել է. - «Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, ինչը դատապարտելի է: Սա հատկապես ընդգծվում է հայկական կողմի, ներառյալ՝ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարությունների ֆոնին, որոնք այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից»:

«Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» և այլն: Ավելին, երկրների ղեկավարների միջև հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել՝ հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների», - ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նաղդալյանը նշել է. - «Այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է մեր տարածաշրջանում երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին, Բաքվից սպառնում են, որ կարող են իրենց հասարակությանը պատրաստել ոչ թե խաղաղության, այլ հիմնախնդրի այլ ձևերով հանգուցալուծման: Նման հռետորաբանությունը, ինչպես նաև առավելապաշտական, ոչ կառուցողական դիրքերից հնչող հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում նման մոտեցումները, ինչպես նաև զենքի փողի սպառնալիքի ներքո բանակցությունների պարտադրանքը»:

ԱԳՆ մամուլի խոսնակը ասել է, որ Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, «որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը», շարունակելով. - «Մեր այդ հանձնառության վառ ապացույցներից է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո խաղաղության գործընթացը ոչ թե կասեցվեց, այլ` նոր դինամիկա ստացավ»:

«Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական», - հայտարարել է Նաղդալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG