Մատչելիության հղումներ

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը ցանկանում է Գյումրին ավելի ճանաչելի դարձնել իր երկրում


Գյումրիի համայնապատկեր, արխիվ
Գյումրիի համայնապատկեր, արխիվ

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան ցանկանում է Գյումրին ավելի ճանաչելի դարձնել իր երկրում, որպեսզի կարողանա ներդրողների ու ճապոնացի զբոսաշրջիկների բերել Հայաստան:

«Ես անում եմ ամեն ինչ, որպեսզի հատկապես Գյումրիի մասին պատմեմ Ճապոնիայում։ Ինչպես գիտեք, բոլորն առաջնահերթ են համարում Երևանը, բայց ես անում եմ ամեն ինչ, որ բոլորը տեղեկացված լինեն մարզերի ու այլ քաղաքների մասին նույնպես», - նշեց Յամադան:

Ճապոնիայի դեսպանը, ով այս շաբաթ մեկ ամբողջ օր անցկացրեց Գյումրիում, այստեղ ներկայացրեց իր երկրի խորհրդանիշը համարվող սակուրաները՝ ճապոնական բալենիները Հայաստան բերելու և այգի հիմնելու գաղափարը։

«Պլանավորում ենք Ճապոնիայից բերել սակուրայի տնկիներ և Հայաստանի տարբեր քաղաքներում, ոչ միայն Գյումրիում, հարմար ժամանակ պուրակ ստեղծել սակուրայի ծառերով», - ասաց Ճապոնիայի դեսպանը:

Այգի հիմնելու հարցը դեսպանը քննարկեց նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ ասելով, որ եթե տարածք հատկացնեն, ապա ինքը պատրաստ է սակուրայի տնկիներ ներկրել Հայաստան:

Սամվել Բալասանյանին հարցրեցինք՝ հնարավո՞ր է հենց Գյումրիի Վարդանանց հրապարակում, օրինակ, սակուրաներ տնկվեն: Քաղաքապետը կտրուկ արձագանքեց, թե՝ ոչ:

Ջուն Յամադան Գյումրիում նաև Ճապոնիայի փոքրաթիվ հայ համայնքի մասին պատմեց, ասաց՝ հիմնականում ուսանողներ ու գիտնականներ են։

«Հայ համայնք կա, բայց շատ քիչ են, և ուզում եմ, որ ավելի շատ լինեն Ճապոնիայում: Այնքան շատ չէ, որքան Ամերիկայում ու Ֆրանսիայում: Հիմնականում ուսանողներ են, հետազոտողներ են և գիտությամբ զբաղվողներ», - ընդգծեց Ջուն Յամադան:

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանում և մասնավորապես Շիրակի մարզում սոցիալական մի քանի ծրագրեր է իրականացնում: Դեսպանի մեկօրյա այցի ընթացքում Գյումրիում համագործակցության երեք հուշագիր ստորագրվեց՝ Շիրակի թեմի սոցիալ կրթական կենտրոնի, «Հայկական Կարիտաս»-ի ու «Ապագան մերն է» հասարակական կազմակերպության հետ, որոնք և իրականացնելու են գործազուրկների, տարեցների խնամքի և արհեստագործական ուսումնարանում սովորողների աջակցման ծրագրերը: Երեք ծրագրերի համար ճապոնական կողմը շուրջ 125 հազար դոլարի դրամաշնորհ կտրամադրի:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք դրամական միջոցների սահմանափակում կա ծրագրերի իրականացման հարցում, դեսպանը պատասխանեց. «Իրականում սահմանափակում չկա, բայց մենք փորձում ենք ամբողջ Հայաստանով բալանս պահպանել և հավասարապես բաշխել գումարը բոլոր մարզերի միջև»:

Առայժմ կսպասեն, թե այս ծրագրերն ինչպես կիրականացվեն, թեպետ ինչպես նշեց դեսպան Ջուն Յամադան՝ իրենք բաց են բոլոր առաջարկների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG