«Ռեսթարթ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը հարցաքննվել են առևանգման փորձ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ըստ ոստիկանության, մարտի 4-ին` կեսգիշերն անց, Ամիրյան փողոցի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ (հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը, դրանց ակտիվորեն մասնակցելը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Միջադեպի մասին Ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն էր գրել Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը՝ նշելով, որ իր վրա հարձակվել են ԵՊՀ «Ռեսթարթ» նախաձեռնության անդամները։ Իր հերթին, «Ռեսթարթ» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ տևական ժամանակ է՝ Մալյանը իրենց հասցեին հրապարակային հայհոյանքներ է ուղղում, և իրենք ակցիա են իրականացրել։