Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակցին կաշառառության մեղադրանք է առաջադրվել


Վանաձորի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Վանաձորի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Կաշառք ստանալու կասկածանքով օրերս ձերբակալված Վանաձորի քաղաքապետարանի աշխատակից Նվեր Օհանյանին մեղադրանք է առաջադրվել, նա ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Ըստ ոստիկանության, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը ձերբակալվել էր Վանաձորի տնակային ավանի բնակչից տնակի օժանդակ տարածքն առանց խոչընդոտի սեփականաշնորհելու համար 170 հազար դրամ ստանալուց անմիջապես հետո։

Դատախազությունից չբացառեցին, որ դեպքին կարող են առնչություն ունենալ նաև այլ անձինք։ Ոստիկանության օրերս տարածած հաղորդագրության համաձայն՝ «քաղաքապետարանի աշխատակիցը կաշառքը քաղաքացուց պահանջել էր իր և նույն կառույցի այլ պաշտոնյաների անունից»։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանն» ասաց՝ աշխատանքից ազատել է կաշառք վերցնելու համար մեղադրվող աշխատակցին։

«1300 աշխատողների մեջից մեկ, երկու, երեք հոգի էլ կարան ընդհանուր կանոններից շեղվեն և զբաղվեն...., բայց, ընդհանուր առմամբ, արծարծվող երևույթի նկատմամբ շատ չար, ես ինքս շատ վատ վերաբերմունք ունեմ նման մարդկանց նկատմամբ», - վստահեցրեց քաղաքապետը:

Վանաձորի «Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արբակ Սարգսյանը նշում է, որ Վանաձորի տնակների բնակիչներից հաճախ ահազանգեր էին ստանում իրենցից կաշառք պահանջելու կամ գործն անհարկի ձգձգելու մասին։

«Զանգերի տեսքով, հանդիպումների տեսքով ասում են, որ չեն ուզում տրամադրել, երկարաձգում են այս-այս խնդիրների պատճառով՝ նվեր, տարբեր տեսակի փոխհատուցումներ են պահանջում դրա դիմաց։ Նման ահազանգերի ժամանակ մենք ուղղակի հորդորում ենք, որ դիմեն ոստիկանություն, որովհետև դա մեր գործառույթը չէ», - նշեց Արբակ Սարգսյանը։

Քաղաքացիական ակտիվիստն ասում է՝ քաղաքապետին ու մյուս պատասխանատուներին պարբերաբար տեղեկացրել են կոռուպցիոն ռիսկերի մասին։

«Ի պատասխան, ստացել ենք մեղադրանքներ գրանտակերության հետ կապված։ Այսօր կարող ենք եզրակացնել, որ այս դեպքից հետո պարզ երևում է, թե ով էր ճիշտ, ով էր սխալ», - ընդգծեց Սարգսյանը։

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը անցած տարի հակադարձում էր, երբ Վանաձորի տնակային ավանների բնակիչներն անգամ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց՝ կոնկրետ անուններ հնչեցնելով, թե ովքեր են մեղավոր, որ իրենք չեն օգտվում համայնքապատկան բնակարաններից կամ դուրս են մնացել տնով ապահովելու ծրագրերից։

Քաղաքապետարանի 64-ամյա աշխատակից Մհեր Օհանյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ արարքը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Օրերս իրավապահները չարաշահումներ էին հայտնաբերել նաև Լոռու մարզի Օձուն համայնքում։ Ըստ հաղորդագրության՝ համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենը 2017-2018 թվականներին ձևական աշխատանքի է ընդունել իր որդուն և նույն համայնքի ևս 7 բնակչի, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը՝ ընդհանուր առմամբ 3 միլիոն 600 հազար դրամը, յուրացվել է։ Առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը զարմանալի համարեց, որ այսօր «կաշառքը դեռևս տեղ ունի պետական ու համայնքային հիմնարկներում»։

«Կան մարդիկ, որոնք որ չեն ընկալել մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունները, և նմանօրինակ դեպքեր չեմ բացառում, որ կլինեն նաև ապագայում, բայց դե նման մարդկանց տեղը այլ վայրում է, այլ ոչ թե պետական հիմնարկներում», - նշեց Ղուկասյանը։

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանն իր հերթին շեշտեց՝ կոռուպցիայի դեմ պայքարը ամենևին իմիտացիա չէ։ «Էս անզիջում աշխատանքի պայմաններում, երբ որ հասարակության անդամները այլևս դարձել են էդ երևույթի նկատմամբ անհանդուրժող, իրավապահ բոլոր կառույցները այս երևույթի հանդեպ դարձել են անհանդուրժող, հետևողական աշխատանք են իրականացնում, իմ համար անընդունելի և անհասկանալի է, որ որոշակի պաշտոնական անձանց համար ընկալելի չի էս մոտեցումը։ Փորձում են, ըստ էության, մտածել՝ սա աշխատանքի իմիտացիա է», - ընդգծեց Մարտիրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG