Մատչելիության հղումներ

Գյումրիում ռուս զինծառայող է դանակահարվել


Գյումրիի գիշերային ակումբներից մեկում այսօր կեսգիշերին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ռուս զինծառայող է դանակահարվել: Վիրավոր զինծառայողին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:

Գյումրիի գիշերային ակումբներից մեկում այսօր կեսգիշերին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ռուս զինծառայող է դանակահարվել: Տուժածը՝ 22-ամյա Ռաջան Կազիմիրովը, ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է: Վերջինիս Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել ծառայակից ընկերները:

Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Արթուր Մանուկյանը ասաց, որ ռուս զինծառայողին վիրահատել են, վիճակը գնահատվում է ծանր կայուն. - «Ունեցել է կրծքավանդակի աջ կեսի վնասվածք: Զննվել է վիրաբույժների կողմից, հայտնաբերվել էկրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք: Անմիջապես հիվանդը տեղափոխվել է վիրահատարան, վիրահատվել է, քանի որ էնտեղ եղել է նաև թոքի վնասում, կրծքավանդակի խոռոչի ամբողջականության խանգարում: Ներկայումս հիվանդը վիրաբուժական բաժանմունքում է գտնվում, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Առայժմ դժվար է միանշանակ ասել, թե նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետև դեռևս պետք է հետևենք հիվանդության ընթացքին»:

Ռուս զինծառայողին տեսնել չհաջողվեց, թեև գտնվում է հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: Սենյակի մոտ ոստիկանության աշխատակիցները հերթապահություն էին իրականացնում:

Կայարանամերձ հրապարակի տարածքում մեկ ակումբ է գործում՝ «Ռայ» գիշերային ակումբը, որի ներսում ոստիկաններն ու քննիչները քննչական գործողություններ էին իրկանացնում: Ներսում նկարահանում իրականացնել չթույլատվեց:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ․ - «Հանրապետության Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում են ակտիվ օպերատիվ և հետախուզական-քննչական աշխատանքներ: Իմ կողմից արդեն իսկ հանձնարարություն է տրվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, որպեսզի պարզեն դեպքի բոլոր հանգամանքները: Ըստ նախնական տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել Գյումրու կայարանամերձ հրապարակում գտնվող գիշերային ակումբներից մեկի տարածքում, ակումբի ներսում»:

Ռուս զինծառայողի առողջական վիճակը թույլ չի տվել, որ վերջինիցս անմիջապես ցուցմունք վերցնեն:

Հարցին, թե արդյոք պարզվել է, թե ով է եղել դանակահարողը, Կարեն Գաբրիելյանը պատասխանեց, որ կասկածյալ դեռևս չունեն:

Առաջին անգամը չէ, որ Գյումրիում միջադեպ է արձանագրվում ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ: Մահվան ելքով ավարտված հերթական միջադեպը գրանցվել էր անցած դեկտեմբերի 2-ին: Ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը հարձակվել ու դաժան ծեծի էր ենթարկել գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին, ով հիվանդանոցում մահացել էր: Ռուս զինծառայողը մինչև օրս պահվում է ռուսական ռազմաբազայում: Այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանները մարտի 15֊ին դատարանում կվիճարկեն ռուս զինածառայողին ռազմաբազայից հայաստանյան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ քննիչի ու դատախազի մերժամն որոշումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG