Հայաստանն այժմ քննարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը՝ երկու երկրների միջև հարաբերությունները «հաջորդ՝ ավելի բարձր մակարդակի բերելու համար»: Այս մասին The Jerusalem Post-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, ով բարձրաստիճան պատվիրակությամբ օրերս ժամանել էր Իսրայել:
Այցի ավարտին խոսելով իսրայելական պարբերականի հետ՝ Հայաստանի ԱԳ փոխնախարարը չի թաքցրել՝ հայկական կողմը չի ցանկանում, որ Իսրայելը զենք վաճառի իր հակառակորդ Ադրբեջանին, սակայն այս հարցը նախապայման չի համարում Երուսաղեմի հետ հարաբերությունները բարելավելու համար:
Ադրբեջանը վերջին տարիներին շուրջ 5 միլիարդ դոլարի զենք է գնել Իսրայելից, շաբաթներ առաջ էլ հաղորդվեց նոր գործարքի մասին, որով Բաքուն առաջիկա երկու տարում Իսրայելից 13 միլիոն դոլարի հարվածային Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքեր կստանա:
Անդրադառնալով այս ռազմական համագործակցությանը՝ Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը (նստավայրը՝ Երևան) «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը պետք է ոչ թե նախապայման դնի, այլ լավ հարաբերություններ ունենա Իսրայելի հետ ու փորձի զսպել նրան:
«Մե՛նք պետք է կարողանանք էնպես անենք, որպեսզի մենք էլ կարողանանք ունենանք այդ զենքերը: Պետք է մե՛նք ուժեղանանք: Մենք ուրիշի մասին ենք շատ խոսում, մե՛նք պետք է ուժեղանանք, մե՛նք պետք է դա կարողանանք: Ուրիշ բան, որ մենք այնքան մոտ լինենք մեր կոլեգաների հետ, մեր հրեա ընկերների հետ, որ ինչ-որ ձևով կարողանանք զսպել: Դա արդեն ցույց կտա ժամանակը», - ասաց դեսպանը:
Ըստ Արմեն Սմբատյանի՝ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Երուսաղեմում քննարկել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ առաջիկայում Իսրայել կատարելիք այցի հետ կապված կազմակերպչական հարցերը:
Ի դեպ, պաշտոնական պատվիրակությունը Իսրայել էր եկել Հայաստանի վարչապետի Իրան այցից օրեր անց: Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է՝ հայկական պատվիրակության Իսրայել այցը իրանականի հետ կապ չունի, ծրագրվել էր դեռևս անցյալ տարի, և արտգործնախարարությունների միջև ուղղակի պլանավորված խորհրդակցություններ են անցկացվել: