Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Դիվանագետները այսօր լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հերթական Դիվանագետի օրը Հայաստանի դիվանագիտական համակարգը դիմավորում է բոլորովին այլ պայմաններում և այլ իրավիճակում: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ երեկ Ազգային պատկերասրահում հրավիրված ընդունելության ժամանակ:

«Այսօր բարեբախտաբար մեր դիվանագետներն ամբողջ աշխարհում կարիք չունեն երկար օրեր ու ժամանակ ծախսել տարբեր երկրներում բացատրություններ տալու, թե ընտրությունները քանի տոկոսով են կեղծվել, մյուս ընտրությունները քանի տոկոսով չեն կեղծվի, այս ընտրությունները քանի քայլ էին առաջ, քանի քայլ հետ, ով, որտեղ, որ անկյունում՝ ո՞ւմ, ի՞նչի համար գնդակահարեց: Սա կարծում եմ՝ կարևոր փոփոխություն է, որն արտահայտում է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության էությունը», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ներկայացնելու բան ունի և այսօր Հայաստանի Հանրապետությանը լսելու ցանկությունը շատ ավելի մեծ է աշխարհի բոլոր կողմերում, վստահեցրել է վարչապետը՝ շարունակելով․ - «Եվ շատ կարևոր է արձանագրել այն կարևորագույն փոփոխությունը, որ տեղի է ունենում հիմա Հայաստանում՝ կառավարման բոլոր համակարգերում, այդ թվում դիվանագետների շրջանում, որ պետք է տեղի ունենա և մենք պետք է արձանագրենք, որ ինչպես ամբողջ կառավարությունը, այնպես էլ դիվանագետները ծառայում են ոչ թե կոնկրետ անձի, ոչ թե կոնկրետ իշխանության, այլ ծառայում են ժողովրդին: Այս առումով նույնպես մենք ուրիշ իրավիճակում ենք Հայաստանի Հանրապետությունում, որովհետև իշխանությունը ձևավորված է ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով»:

«Վարչապետ ընտրվելով, հենց առաջին օրվանից ես առաջնորդվել եմ այն կանխավարկածով, որ դիվանագետները, դիվանագիտական համակարգը մեր երկրում ամենակայացած պետական համակարգերից է, և մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգն իր կայունությունը, բնականոն գործունեությունն ապահովի: Այս պայմաններում, բնականաբար, ակնկալում եմ, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները, ընդհանրապես ողջ դիվանագիտական համակարգը պատշաճ ձևով ամբողջ աշխարհում ներկայացնի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և համոզված եմ, որ պատշաճ մակարդակով համակարգը կծառայի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով․ - «Եվ բոլոր դիվանագետները, ովքեր բաց են թողել քաղաքական հեղափոխությանը մասնակցելու պատեհությունը, այսօր լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը, լինել տնտեսական հեղափոխության ակտիվիստ՝ բառիս աշխատանքային իմաստով, այսինքն ամբողջ աշխարհում դառնալ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունների և դրանց բովանդակության ներկայացման դեսպանը»:

«Այս առումով, շատ կարևոր եմ համարում նաև Լեռնային Ղարաբաղի հարցում մեր առաջիկա անելիքները, որովհետև մեր նախորդ հանդիպման ընթացքում էլ ասել եմ, որ այս ընթացքում իմ ունեցած միջազգային շփումները բերել են այն եզրակացության, որ ցավոք սրտի, միջազգային ասպարեզում շատ դեպքերում կորսվել է Լեռնային Ղարաբաղի հարցի էության մասին պատկերացումն ու ընկալումը: Սա մեր առաջիկա խնդիրներից կարևորագույնն է և ըստ էության անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարց ասելով միջազգային ասպարեզում հասկանան այն, ինչ նկատի է առնվում և ինչպիսին կա Լեռնային Ղարաբաղի հարցն իր էությամբ», - հայտարարել է վարչապետը:

«Մենք պետք է շարունակենք նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը: Մենք հստակ արձանագրում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր կարևոր ներդրումն է և մենք այդ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

«Շնորհակալություն հայտնելով մեր բոլոր դիվանագետներին իրենց ծառայության համար, ցանկանում եմ հատկապես ընդգծել այն դիվանագետներին, ովքեր այս շրջանում աշխատում են անկայուն տարածաշրջաններում, անվտանգային բարդ միջավայրերում: Մասնավորապես, խորին հարգանքի է արժանի Հալեպում մեր գլխավոր հյուպատոսության անխափան աշխատանքը, չնայած նրան, որ շենքը ենթարկվել է հրթիռակոծության: Նույնը պետք է ասել Բաղդադում մեր դեսպանության գործունեության մասին՝ չնայած այդ երկրում տիրող վտանգավոր իրավիճակին», - հայտարարել է վարչապետը:

«Անշուշտ, մեր արտաքին քաղաքականության առջև դրված խնդիրների հաջողությամբ իրագործումը կախված է մեր Արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմի, այդ թվում՝ արտերկրում մեր դեսպանությունների և հյուպատոսությունների միահամուռ աշխատանքից: Ուստի, հարգելի դիվանագետներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և ցանկանում ստեղծագործական նոր մոտեցումներ, որովհետև արդի ժամանակները ստեղծագործելու և նոր հաջողությունների հասնելու լայն հնարավորություններ են: Բոլորիդ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի», - ասել է Փաշինյանը:

Դիմելով արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին՝ վարչապետը նշել է․ - «Պարոն Մնացականյան, անձամբ Ձեզ մաղթում եմ հաջողություններ ինչպես ընդունված է ասել այս դժվար և բարդ կոլեկտիվին առաջնորդելու գործում: Նաև ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել Երրորդ Հանրապետության Արտաքին գործերի բոլոր նախարարներին՝ այն ջանքերի համար, որ նրանք ներդրել են Հայաստանի դիվանագիտական համակարգի կայացման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG