Մատչելիության հղումներ

Հարկային փոփոխությունները կառավարությունը հաստատեց բուռն քննարկումներով


Եկամտահարկի համահարթեցում, մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցողներին հարկերից ազատում, գազավորված ըմպելիքների հարկում ակցիզային հարկով. այսօր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստին ներկայացրեց Հարկային օրենսգրքի ծավալուն փոփոխությունների փաթեթը, որ ամիսներ շարունակ բուռն քննարկվել է։

«Տնտեսական պրոցեսները միայն թվաբանության մեջ տեղավորելը, կարծում եմ, շատ կոպիտ սխալ է, որովհետև շատ կարևոր է այն փիլիսոփայությունը, որ դրվում է այս ամենի տակ։ Ոչ միայն մարդկանց պետք է ասենք, քաջալերենք, որ աշխատի, այլև պետք է հնարավորություններ ստեղծենք։ Սա այդ կարևոր հնարավորություններից մեկն է և իհարկե՝ այն բացառություններով, որ պարոն Ջանջուղազյանը նշեց: Ես չեմ ուզում թվարկել այդ բացառությունները, մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռներեցները և ընկերությունները կազատվեն հարկերից», - նշեց վարչապետ Փաշինյանը։

Մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը հարկերից կազատվի, սակայն հարկային այս բարելավումը չի վերաբերի առևտրով զբաղվողներին։ Բացի այդ, վարչապետը հույս հայտնեց, որ միկրոբիզնեսին տրված արտոնությունից իսկապես կօգտվի միկրոբիզնեսը, ոչ թե խոշոր բիզնեսը՝ տրոհված մի քանի մասերի։

«Սրա համար շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը, կրկին այդ հսկիչ-դրամարկղային կտրոնների հարցում լինել հետևողական։ Ընդհանուր առմամբ, այո, մենք այս ռիսկերը գիտակցելով գնում ենք այս փոփոխություններին, որովհետև մեզ համար այս պրոցեսում ամենակարևորը վստահությունն է, որովհետև մենք պետք է փոխենք էդ ռեժիմը, երբ որ կառավարությունը և հանրությունը միմյանց նկատմամբ անվստահության կանխավարկածով են առաջնորդվում», - ընդգծեց վարչապետը։

Հարկային համակարգը պարզեցնելու նպատակով հարկային 5 ռեժիմներից անցում կանեն 3-ի։ Արտոնագրային, ինքնազբաղված, ինչպես նաև ընտանեկան հարկման համակարգերի փոխարեն կգործի մեկ միասնական միկրոձեռնարկատիրության հարկ՝ արտոնյալ պայմաններով։ Ուժի մեջ կմնա շրջանառության հարկը 24-115 միլիոն շրջանառություն ունեցողների համար, և կգործի ընդհանուր հարկման ռեժիմ, որի դեպքում կվճարեն ավելացված արժեքի հարկ ու շահութահարկ։ 2020 թվականի հունվարի 1-ից կսահմանվի եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափ՝ 23 տոկոս, որը միչև 2023 թվականը աստիճանաբար պետք է նվազի և դառնա 20 տոկոս։

«Էսօր մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա ստվերային աշխատավարձի տրամաբանություն, եթե կառավարությունում եղել է, պետք է պատկերացնել, որ այլ մարմիններում էլ կլինեն, այսինքն՝ կա ֆորմալ գրանցված աշխատավարձ և կա ծրարով տրվող աշխատավարձ։ Մենք հույս ունենք, որ այս փոփոխություններով կխթանենք աշխատավարձերը հարկային դաշտ բերելը և դրա համար մենք իջեցնում ենք եկամտահարկը բարձր աշխատավարձերի, որովհետև աշխատավարձերի մեծ մասը եկել է էդ շեմին, էդ 23 տոկոսանոց շեմի պռնկին կանգնել է և ոչ մի տեղաշարժ ցույց չի տալիս», - ասաց Փաշինյանը։

Վարչապետն արձագանքեց եկամտահարկը համահարթեցնելու և բոլորին նույնչափ հարկելու վերաբերյալ քննադատությանը, թե սոցիալական պետությունում հարուստին և աղքատին չպետք է նույն դրույքաչափով հարկել։

«Մենք էդ սոցիալական հավասարակշռվածության խնդիրը մտադիր ենք լուծել գույքահարկի նոր համակարգ ներդնելու միջոցով, որովհետև էսօր անընդհատ խոսվում են՝ հարուստներ, աղքատներ և այլն, մենք կարող ենք արձանագրել՝ Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկ աշխատավարձով մեծահարուստ չի դարձել, ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա», - նշեց կառավարության ղեկավարը։

Ամիսներ շարունակ քննարկված Հարկային օրենսգրքի փոփոխությունների ընդունումը կառավարությունում այսօր էլ չանցավ առանց կարծիքների բախման։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատեց, որ իր ոլորտին առնչվող փոփոխություններ են հայտնվել օրենսգրքի նախագծում այսօր առավոտյան, որոնք երկու շաբաթ առաջ չկային։ Շաքարային ոչ գազավորված ըմպելիքները, նշեց Թորոսյանը, ակցիզային հարկման չեն ենթարկվելու։ Բացի այդ, նախատեսվածից ցածր էր «Այքոսների» և նման սարքերի համար նախատեսված ծխախոտի հարկը։

«Իհարկե, անընդունելի է և ոչ միայն առողջապահական տեսանկյունից, որ մենք չենք կարող խթանել մեր քաղաքացիների առողջությունը վնասող և նրանց մահվան բերող պրոդուկցիան, այլև միջազգային պարտավորություններին է դեմ, որ պետությունը իր քաղաքականությունը մշակելուց պետք է հակառակով առաջնորդվի։ Ես կարծում եմ, որ նախ երկուսի մասով կոնկրետ մեր գերատեսչության համար անընդունելի կարգավորումներ են և էս տեսքով չպետք է գան Ազգային ժողով էս օրինագիծը», - ասաց Թորոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ չեն կարող Հարկային օրենսգիրք ընդունել՝ հաշվի առնելով միայն առողջական հարցերը, պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերեն։

«Պետք է հարկային եկամուտների մասին էլ մտածենք, առողջապահության մասին էլ պետք է մտածենք, պետք է գյուղացիների գյուղմթերքի մթերման մասին էլ մտածենք», - ասաց Փաշինյանը։

«Մենք, որպես շատ շահագրգռված անձ, էս քննարկումների մեջ ընդհանրապես ներկայացված չենք եղել, այսինքն ինդուստրիայի հետ խոսում են ոլորտի ներկայացուցիչները, բայց մեր հետ չեն խոսում», - նշեց Թորոսյանը։

Հակադարձելով Թորոսյանին՝ Փաշինյանը նշեց. - «Որ հասարակական կազմակերպությունը ասում է՝ մեզ չեն ներգրավել քննարկումների մեջ, էդ ես հլը հասկանում եմ, բայց որ նախարարն է ասում՝ մեզ չեն ներգրավել քննարկումների մեջ, կներեք, ինձ համար զարմանալի է։ Վեց ամիս է էս թեմայով գոնե հինգ անգամ անձամբ ես խոսակցություն եմ ունեցել»։

Հարկային օրենսգրքի փոփոխությունները կառավարությունն ընդունեց, սակայն՝ պայմանավորվածությամբ, որ Ֆինանսների նախարարությունը նորից կքննարկի բոլոր առաջարկները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG