Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Կենտրոնական ավտոկայանի շուրջ կատարվածի վերաբերյալ


Օրերս սեփական տան բակում այրվել է Կենտրոնական ավտոկայանի նորանշանակ տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան:

Համբարձումյանն այսօր հրաժարվեց խոսել այս մասին:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ պատճառները պարզելու համար:

Իսկ ահա համացանցում լուրեր են տարածվել, թե տեղի ունեցածը կապ ունի որպես քրեական հեղինակություն հայտնի «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի հետ, որն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի մտերիմներից է:

Կոստանյանի ընկերներից Արմեն Ավետյանն «Ազատությանն» ասաց, որ իրենք նույնպես լսել են այդ մասին, բայց պնդեց, որ դա սուտ է․ - «Ասում են՝ հենց Բոգոյին ասեցին սենյակ-մենյակդ հանձնի, էսինչ մարդու մեքենան պաժառ ընգավ: Բայց իրանց ընկերներից էլ ասում են՝ էս փուլում հիմար պիտի լինես, որ նման բան անես: Էդ մեքենան ունեցել ա հոսանքի խնդիր: Հիմա քննությունն ա պարզում»:

Այրված մեքենայի մեքենայի տեսանյութը Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածել էր «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանն ու գրել․ - «Բոլոր նրանց, ովքեր կապ ունեն էս դեպքի հետ, ովքեր ուզում են վախեցնել մեզ կամ խոչընդոտել մեր աշխատանքը «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում, պաշտոնապես հայտարարում եմ՝ վենդետա լինելու ա, բայց իրավական»:

Արմեն Ավետյանին հանդիպեցինք Կենտրոնական ավտոկայանում, եկել էր ընկերոջը՝ Ռուբեն Կոստանյանին աջակցելու: Ասաց, որ տարիներ շարունակ Կիլիկիայի ավտոկայան կոչվող տարածքը նրա ենթակայության տակ է եղել․ վերանորոգել է, ուղևորափոխադրող երկու ընկերություն հիմնել: Բայց այսօր նրա աշխատասենյակներից մի քանիսի դռները կապարակնքել են ու արգելում են գործունեություն ծավալել: Ասաց, որ նամակ են գրել պաշտոնյանին, որ հասկանան, թե որ օրենքով են իրենց դուրս հանում շենքից․ - «Օրենքով սահմանված կարգով մարդիկ սենյակներ ունեն, որի համար վճարում են: Գործերի ծավալներից ելնելով՝ մինչև 2019 թվականը նախկին տնօրինության հետ բերանացի պայմանավորվածությամբ վերևը սենյակ են հատկացրել, որպեսզի մարդիկ իրար գլխի չլինեն մի սենյակում: Ինքը գործունեություն ա ծավալել, որի համար վճարել ա: Կարող ա մի քիչ քիչ ա վճարել․․․»

Վերջերս Կենտրոնական ավտոկայան էր գնացել նաև Տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը և ուղիղ եթերում ցույց տվել տեղում, թե ինչ անմխիթար իրավիճակ է այնտեղ:

Այսօր ավտոկայանում ոստիկաններ կային․ եկել էին «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի հրավերով, որպեսզի Ռուբեն Կոստանյանի զբաղեցրած տարածքներն ազատեն: «Հայավտոկայարանի» ներքին վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանն «Ազատությանն» ասաց, որ իրենք Կոստանյանի հետ որևէ պայմանագիր չունեն, և տարիներ շարունակ նա այստեղ գործունեություն է ծավալել:

Ջիլավյանը պնդեց, թե իրենք անունների դեմ չեն պայքարում, գերական օրենքն է․ - «Բոգո մականունով անձնավորությունը էստեղ փաստացի ապօրինի գործունեություն է ծավալել: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է տարածքներին, կաբինետին և հյուրանոցային համարներին: Տվյալ անձնավորությունը որևիցե տեղ այստեղ գրանցված չի: Անձնական բան չկա: Սա պետական շենք ա, պետական տարածք ա, որը որ ապօրինի զավթված ա»:

Ավտոկայարանում հանդիպեցինք նաև հենց իրեն՝ Ռուբեն Կոստանյանին: Հարցազրույցից հրաժարվեց, բայց ասաց, թե այդ տարածքում ուղևորափոխադրում իրականցնող երկու ընկերություն ունի: Ասաց նաև, թե նախկինում ունեցած բանավոր պայմանավորվածությունները փորձել է օրինականացնել, բայց նոր ղեկավարները թույլ չի տալիս: Պնդեց, թե հյուրանոց չունի, դրանք վարորդների համար նախատեսված սենյակներ են:

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի իրավաբան Արթուր Օհանյանն ասաց․ - «Երբ որ ներդրումային ծրագիրը ի մի կբերվի, ու «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կորոշի իր տարածքները էս ձևաչափով հանձնել սուբյեկտների տիրապետմանը, ոչ մի սուբյեկտի հանդեպ անձնավորված ոչ մի բան չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG