Անգամ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այս խնդրի շուրջ մի քանի հարցապնդում է ուղղել Թուրքիայի Մշակույթի նախարարին՝ տարածած հայտարարության մեջ շեշտելով, որ «մամուլի միջոցներն են տեղեկացրել , որ շուրջ 20 օր առաջ Կարս քաղաքի Սուգաբու թաղամասում շրջակայքում գտնվող լքված տների հետ միասին քանդվել է նաև այն շենքը, որն այցելուների կողմից նվիրականացված էր որպես մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն: Հայտնի է, որ Կարս ժամանող զբոսաշրջիկները անպայման այցելում են նաև Չարենցի տունը՝ վառ պահելու բանաստեղծի հիշատակը»:
Փայլանն այնուհետև հարցնում է, թե ում նախաձեռնությամբ է քանդվել այդ տունը, որպես մի հասարակ շենք, որ հաստատությունն է այդ որոշումը կայացրել, արդյոք Թուրքիայի Մշակույթի նախարարությունը տեղյակ էր և այլն:
Կարո Փայլանը նշում է նաև, որ Չարենցի տունը կարող էր հայկական մշակույթի և հիշատակի կարևոր վայր դառնալ Կարսում:
Իհարկե տարիներ շարունակ Հայաստանի մտավորականները ևս երազում էին, որ երբևէ հնարավոր կդառնա վերանորգել Չարենցի Կարսում գտնվող տունն ու այնտեղ հայկական մշակույթի կենտրոն կամ թանգարան հիմնել: Երեկ մի խումբ մտավորականներ հավաքվել էին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում՝ իրենց տեսակետը ներկայացնելու:
Այսօր «Ազատության» հետ հարցազրույցում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանն ասաց, որ ինքն այլ տեսակետից է նայում այդ խնդրին․ - «Ես գիտեմ, որ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, և բնականաբար, մեր մտավորականությունը ինչպիսի մտահանգման էլ գար, մենք անատամ մի փաստաթուղթ պիտի ստորագրեինք, որը ուղղված է առ ոչինչ: Այդ պատճառով իմ մտածումներս ավելի գլոբալ էին, թե մենք ինչ ենք անում մեր մշակութային ժառանգության հետ ընդհանրապես: Լավ, էդ մեկը Թուրքիայում է, հասկացանք: Բայց մենք ունենք Մայկոպում տունը Չարենցի, մենք ունենք Ներսիսյան վարժարանի շենքը Թիֆլիսում, մենք ունենք Թիֆլիսում նաև Չարենցի հոր առած տունը, որ մեկ տարի ապրել են էնտեղ: Մենք լիքը այս կարգի բազմաթիվ և բազմապիսի պրոբլեմներ ունենք: Եվ ոչ միայն Չարենցի հետ կապված: Սովորաբար ես մտածում եմ, որ մտավորականությունը միշտ մի քայլ առաջ է մտածում, և հարցը բաժանեցի երկու մասի: Մի մասը այն, որ շատ վատ եմ զգում, որ Չարենցի տունը քանդվել է: Եվ մյուսը՝ ավելի կառուցողական»:
Ասատրյանն առաջարկում է սփյուռքի հայաշատ գաղթօջախներում Չարենցի անունը կրող մշակութային կենտրոններ հիմնադրել․ - «Այն գաղթօջախներում, որտեղ երեխաները արդեն հայերեն չեն ուզում խոսել: Սա ավելի լուրջ խնդիր է: Որովհետև էստեղ սերունդների հետ գործ ունենք, էնտեղ Չարենցի տան փլատակների հետ գործ ունենք: Տարբերությունը շատ մեծ է»:
Ինչ վերաբերում է Կարսում գտնվող Չարենցի տունը մշակութային կենտրոն դարձնելու՝ որոշ հայ մտավորականների մտահղացումներին, ապա, ըստ Անահիտ Ասատրյանի, դա պարզապես իբրև հեքիաթ կարող էր դիտարկվել․ - «Այնտեղ, որտեղ կարող ենք, չենք անում․․․ Մեր մեջ էնքան խորն է դրված հայ - թուրք հարաբերությունների խնդիրը, որ անմիջապես կառչում ենք և մտնում ենք տուպիկ: Եղբայր, թողեք էդ խնդիրը, սա պետության խնդիրն է,մ ինքը կլուծի: Դուք առաջ անցեք, արեք այն, ինչը կարող եք անել»: