Մատչելիության հղումներ

Միրզոյան․ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմանը և զարգացմանը


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Միացյալ Նահանգները Հայաստանի կարևոր գործընկերներից է, և Երևանը մեծ նշանակություն է տալիս երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը և զարգացմանը: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Միրզոյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք ի նպաստ երկու երկրների բարօրության ու բարգավաճման:

Ազգային ժողովի նախագահը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում վերաձևավորվելիք Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կարևոր օղակ են օրենսդիր մարմինների միջև կապերի զարգացման գործում:

Միացյալ Նահանգների հետ քաղաքական երկխոսության խորացման հարցում Արարատ Միրզոյանը կարևորել է գոյություն ունեցող մեխանիզմների՝ USATF-ի և TIFA խորհրդի դերը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից ավելի քան 25 տարի ցուցաբերվող աջակցությունը:

«Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը մեզ համար սոսկ բառեր չեն, դրանք հիմնարար արժեքներ են, և Հայաստանն անշեղորեն գնալու է այդ ճանապարհով: Կոչ եմ անում միջազգային մեր գործընկերներին, նաև Միացյալ Նահանգներին կանգնել մեր կողքին և աջակցել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը», - հայտարարել է ԱԺ նախագահը:

Դեսպանն անդրադարձել է երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին ու անելիքներին: Նա ևս կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:

«Պատիվ է հանդիպել Ձեզ հետ, Ազգային ժողովի նախագահ, և վերահաստատել Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին», - ընդգծել է Լին Թրեյսին:

Կողմերն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության խթանմանը, ուր չօգտագործված մեծ ներուժ կա, ասված է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG