Մատչելիության հղումներ

ՀՀ ԿԲ․ Պատշաճ կերպով իրականացվում են փողերի լվացման ռիսկերին համարժեք կանխարգելիչ միջոցառումներ


Հայաստանի կենտրոնական բանկի վերահսկողության ու կարգավորման ներքո գործող բոլոր բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները պատշաճ կերպով իրականացնում են փողերի լվացման ռիսկերին համարժեք կանխարգելիչ միջոցառումներ՝ պահպանելով ինչպես ՀՀ օրենսդրության պահանջները, այնպես էլ միջազգային պրակտիկայում ընդունված կանոնները: Այդ մասին ասված է Կենտրոնական բանկի այսօր հրապարակած հաղորդագրությունում:

«Նշված ոլորտում միջազգային ստանդարտներ սահմանող Ֆինանսական միջոցառումների հանձնախումբը (ՖԱԹՖ) կիրառում է դրանց իրագործման արդյունավետության գնահատման որոշակի չափանիշներ։ Հայաստանը Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին իրականացված գնահատման և 2018 թվականին ներկայացված առաջընթացի հաշվետվության արդյունքներով ՖԱԹՖ-ի մեթոդաբանության համապատասխան չափանիշով գնահատվել է որպես «արդյունավետության զգալի մակարդակ» ունեցող երկիր՝ ներկա պահի դրությամբ ընդգրկված լինելով նույն մեթոդաբանությամբ գնահատված շուրջ յոթ տասնյակ երկրների լավագույն հնգյակում», - նշում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«Ուկիո» բանկի գործունեության և դրա միջոցով 2000-ականներին իրականացված ֆինանսական գործարքների վերաբերյալ ԿԲ-ն նշում է, որ «ՀՀ կենտրոնական բանկի՝ փողերի լվացման դեմ պայքարի պատասխանատու ստորաբաժանումը ժամանակին ակտիվորեն գործակցել է իր օտարերկրյա գործընկերների հետ, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման միջոցով, և ձեռնարկվել են տվյալ ժամանակաշրջանի օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ»։

Կենտրոնական բանկը նշում է նաև, որ «Ուկիո» բանկի գործունեությունը դադարեցվել է 2013 թվականին:

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը օրերս հաղորդեց ռուսաստանահայ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ներդրումային բանկում փողերի լվացման սխեմայի բացահայտման մասին: Ըստ հրապարակման՝ «Տրոյկա Դիալոգ»-ը 2000-ականների կեսերին ստեղծել է ավելի քան 75 օֆշորային ընկերություններ, որոնք հաշիվներ են բացել, մասնավորապես, լիտվական Ukio բանկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG