Մատչելիության հղումներ

Կադրային կրճատումներ լինելու են․ Նիկոլ Փաշինյան


Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը: Այն կուղարկվի Ազգային ժողով:

Նախարարությունների թիվը կրճատվեց 5-ով: 17-ի փոխարեն այսուհետ 12 նախարարություն կլինի, փոխվարչապետի երեք պաշտոնից էլ մեկը՝ առաջին փոխվարչապետի հաստիքը կկրճատվի:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նոր կառուցվածքը․ - «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյուբերության նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Ֆինանսների նախարարություն»:

Գործադիրի ղեկավարն ասաց, որ նախարարությունների օպտիմալացմանը կադրային ջարդ չի հաջորդի, բայց կրճատումներն անխուսափելի են, փոփոխությունների ուղղությամբ գնալու են հանդարտ ճանապարհով․ - «Այս ուղղությամբ մենք գնալու ենք շատ հավասարակշռված, հանդարտ ճանապարհով, և ուզում եմ ասել, որ, ինչպես պարոն Զեյնալյանը նշեց, մենք այսպես ասած կադրային ջարդ այս պրոցեսի ընթացքում չենք ունենալու: Ըստ էության, նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով կոնսոլիդացվելու են, ինչը չի նշանակում, թե այդպես շարունակելու է մնալ: Այո, կրճատումներ լինելու են, բայց լինելու են այդ կրճատումները էվոլյուցիոն տրամաբանությամբ, և յուրաքանչյուր պետական ծառայող, այս նախարարությունների յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու: Եվ մարդկանց աշխատանքի գնահատման պրոցեսը պետք է տեղի ունենա մաքսիմալ օբյեկտիվ, իհարկե՝ անկախ որևէ հարակից գործոններից»:

Կառավարության կառուցվածքի ուռճացված լինելու մասին նախկին իշխանության օրոք մշտապես բարձրաձայնել են ընդդիմադիրները, սակայն իշխանությունը չի արձագանքել: Գործնական քայլերի դիմեց գործող իշխանությունը: Այդ քայլերը միանշանակ չընդունվեցին: Նախարարությունների օպտիմալացման ծրագրի դեմ բողոքի ալիք սկսվեց, հիմնական մտահոգությունը կադրային կրճատումներն են:

«Մենք իսկապես պետք է լինենք մաքսիմալ շրջահայաց, որպեսզի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը հասնենք որպես նպատակ: Դրա համար սա միջանկյալ լուծում է, որովհետև այդ խնդիրը մենք չենք լուծում ուղղակի նախարարությունները միացնելով և այդ խնդիրը մենք չենք կարող լուծել ուղղակի փակ աչքերով կրճատումներ իրականացնելու միջոցով: Հետևաբար, յուրաքանչյուր աշխատակցի առաջ դրվում է շատ կոնկրետ խնդիր՝ վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության, բաժնի աշխատանքի որակը և ընդհանրապես այդ նախարարությունների, կառույցների աշխատանքի որակը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մինչ նախագիծը կհասնի խորհրդարանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր դժգոհությունը հայտնեց․ - «Հիմնական մտահոգությունն այն է, որ մեր՝ մի քանի ամիս բարձրաձայնվող մտահոգություններն ու առաջարկները անտեսել են դեռևս: Հիմնականը այդ սուպերվարչապետական համակարգից խուսափելն էր, որի մասին ադրեն մի քանի ամիս է մենք բարձրաձայնում ենք․ Ազգային անվտանգություն, Ոստիկանություն, նաև ՊԵԿ, մարմիններ, որոնք ամեն օր առնչվում են քաղաքացիների հետ, բայց դուրս են խորհրդարանական վերահսկողությունից»:

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր, Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախագիծը մանրամասնությամբ կքննադատի, երբ այն հասնի խորհրդարան: Մասնավորապես, թե ինչպես է կառավարությունը լուծելու պետության համար հավելյալ արժեք չստեղծողների գործազրկության հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG