Մատչելիության հղումներ

Գերմանիան պատրաստվում է ապահով երկրների շարքում դասել ևս 10 երկիր, այդ թվում՝ Հայաստանը


Գերմանիա - Մյունխենի օդանավակայանում արտաքսում են Ալբանիայից և Կոսովոյից ներգաղթյալներին, հոկտեմբեր, 2018թ․
Գերմանիա - Մյունխենի օդանավակայանում արտաքսում են Ալբանիայից և Կոսովոյից ներգաղթյալներին, հոկտեմբեր, 2018թ․

Գերմանիան դիտարկում է ևս տասը երկրների, այդ թվում՝ Հայաստանին, ապահով երկրների շարքում դասելու հարցը, ինչը նվազագույնի կհասցնի այդ պետությունների քաղաքացիների՝ Գերմանիայում փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունը, և նրանք դժվար թե կարողանան խուսափել վտարվելու վտանգից: Այս մասին հաղորդում է գերմանական DPA գործակալությունը` վկայակոչելով ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակին:

Տասը երկրների շարքում, Հայաստանից բացի, հետխորհրդային երկրներից ընդգրկված են նաև Վրաստանը և Մոլդովան: Ցանկում ընդգրկված երկրների քաղաքացիների կողմից փախստականի կարգավիճակ հայցող դիմումների 5 տոկոսից քիչն է ներկա դրությամբ դրական պատասխան ստանում, DPA-ին ասել է ներքին գործերի նախարարության խոսնակը:

Ապահով երկրների քաղաքացիների` փախստականի կարգավիճակ հայցող դիմումների քննարկման կարգն արագացվել է, իսկ նրանց վտարելու գործընթացը՝ դյուրացվել:

Բեռլինի կողմից ապահով ճանաչվող երկրների ներկայիս ցանկում ընդգրկված են Եվրամիության անդամ երկրներն ու մի քանի այլ պետություններ՝ Ալբանիան, Գանան, Սենեգալը, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի այն երկրները, որոնք դեռ Եվրամիության անդամ չեն:

Բացառություններ լինելու են, բայց Գերմանիայում փախստականի կարգավիճակ կարող են ստանալ սահմանափակ դեպքերում՝ եթե, ասենք, քաղաքական ապաստան է տրվում, կամ պաշտպանություն՝ Ժնևի Փախստականների կոնվենցիայի ներքո, որը սովորաբար վերաբերում է քաղաքացիական պատերազմների փախստականներին ու լրացուցիչ պաշտպանությանը:

Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ Գերմանիայում կարող են մնալ բուժվելու նպատակով, բայց փախստականի կարգավիճակ ստանալու նրանց դիմումներին ընթացք չի տրվի:

Ապահով երկրների ցանկն ընդլայնելու քաղաքական որոշման հիմքում ընկած է կանցլեր Անգելա Մերկելի կենտրոնամետ պահպանողականների և սոցիալ-դեմոկրատների միջև կոալիցիոն համաձայնությունը, որտեղ միգրանտների հարցում ավելի կոշտ քաղաքականություն է դրսևորվել, քան նախկին համաձայնությունների դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG