Ռուսաստանի Պետդուման երրորդ, վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել օրենքներին, որոնցից մեկը պատիժ է սահմանում համացանցում կեղծ լուրերի տարածման, մյուսը՝ ռուսաստանյան հասարակության, պետական խորհրդանիշների ու պետական կառույցների մասին անհարգալից հրապարակումների համար:
Այսուհետ այդ արարքների համար մեղավոր ճանաչված անձանց սպառնում է 30-ից մինչև 100 հազար ռուբլու տուգանք, հանցանքը կրկնելու դեպքում՝ վարչական կալանք՝ մինչև 15 օրով: Կեղծ լուրերի տարածման դեպքում էլ օրինագիծը հնարավորություն է տալիս Ռուսաստանի իշխանություններին ոչ միայն դրանք հեռացնել, այլև արգելափակել հրապարակման աղբյուր ինտերնետ կայքը:
Լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են նորամուծությունը՝ փաստելով, որ չկան տեղեկատվության կեղծ լինելը հավաստող հստակ չափանիշներ, և որ սա կարող է դառնալ հերթական մահակը՝ կառավարության քննադատներին լռեցնելու համար: