Մատչելիության հղումներ

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի երկրորդ բերովի դեպքը. ԱՆ


Մարտի 6-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի երկրորդ բերովի դեպքը: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Նախարարությունը նշում է, որ հիվանդը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին Բրյուսելից՝ Վրաստանով:

Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել փետրվարի 25-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ փետրվարի 28-ից սկսվել է մարմնի ցանավորում, որը դիտարկվել է որպես դեղորայքային ալերգիա: Մարտի 6-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ, ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը հիշեցնում է, որ կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել է փետրվարի 24-ին PS 611 չվերթով Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ:

Երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը գործնականում հնարավոր չէ պարզել (հիվանդանոցների սպասասրահ, հետազոտությունների համար սպասող անձինք, թռիչքի ժամանման սրահում բազմաթիվ դիմավորողներ)։

«Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Աշխարհում կարմրուկի առումով իրավիճակն անհանգիստ է: Բազմաթիվ երկրներում, այդ թվում մեզ հարևան, այս օրերին գրանցվում են կարմրուկի բռնկումներ՝ նույնիսկ մահվան ելքով», - հայտնում է նախարարությունը՝ նշելով, որ պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար:

«Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG