Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հայաստանը անկախ երկիր է՝ արժանապատվության բարձր զգացումով


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում, 5-ը մարտի, 2019թ․
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում, 5-ը մարտի, 2019թ․

Հայաստանը անկախ երկիր է՝ արժանապատվության բարձր զգացումով, Հայաստանը բացարձակ թափանցիկ է ռուս գործընկերների համար, Բրյուսել կատարած այցից հետո ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մանրամասնելով՝ Եվրամիության մայրաքաղաք իր այցը կոնկրետ նպատակ ուներ՝ քննարկել Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրագործումը:

«Եվրամիությունը որևէ աշխարհքաղաքական և արտաքին քաղաքականության հարցեր կամ պայմաններ չի դնում այս գործընթացում, և այս համագործակցությունը վերաբերում է միայն Հայաստանի ներքին, ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես՝ անցած տարի երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Այդ բարեփոխումների օրակարգը շատ կարևոր է մեզ համար», - ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայաստանյան թավշյա հեղափոխությունը վերաբերում էր միայն ներքին քաղաքականությանը և որևէ կապ չուներ դրսից թելադրված «գունավոր» հեղափոխությունների հետ: «Մեզ համար շատ կարևոր է, որ մեր ռուս բարեկամներն ու գործընկերները հասկանան՝ այն, ինչ տեղի ունեցավ, որևէ աշխարհքաղաքական ենթատեքստ չուներ, և որևէ օտար ուժ այդ գործընթացում ներգրավված չէր: Դա ազգային արժանապատվության հարց է, և իմ անձնական արժանապատվության: Դեպքերի այդօրինակ մեկնաբանությունը, թե իբր ինչ-որ մեկը օգտագործել է հայ ժողովրդին հանուն իր աշխարհքաղաքական նպատակների, վիրավորական է մեզ համար: Հայաստանը անկախ երկիր է՝ արժանապատվության բարձր զգացումով», - ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի ետ հարաբերություններին ու բանակցություններին՝ Հայաստանի վարչապետը նշել է, որ կողմերը շարունակում են քննարկումները գազի գնի շուրջ: «Հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում մեզ կհաջողվի լուծել այդ հարցը, քանի որ այն կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև ԵԱՏՄ-ի համար: Չէ՞ որ այդ կառույցի նպատակն է ստեղծել միասնական տնտեսական տարածք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ էներգակիրների գները, որոնք շատ կարևոր մասնաբաժին ունեն ապրանքների ինքնարժեքում, հավասար լինեն, իրարից շատ չտարբերվեն», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև հույս է հայտնել, որ այս տարի Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Երևան, ինքը՝ կմեկնի Մոսկվա: «Մենք հիմա քննարկում ենք կոնկրետ ժամկետները, վերջին քննարկումը եղել է անցած շաբաթ՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG