Գործադիրը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի փաթեթին ու ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման։
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախքան քվեարկությունն ասաց, որ կարգավորումների նպատակը ֆունկցիոնալ իմաստով կառավարության առավել արդյունավետ կառուցվածք ունենալն է, ինչն, ըստ նախարարի, հնարավորություն կտա լավագույնս ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը՝ իրականացնելով կառավարության ծրագիրը և դրանից բխող քաղաքականությունը։
«Նախագծի փաթեթի ընդունման համար հիմք են հանդիսացել կառավարության կառուցվածքի վերաբերյալ տեղի ունեցած մի շարք քննարկումները, կառավարության գործունեությունը բարձրացնելու վերաբերյալ վերլուծությունը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը։ Օրենքի նախագծի փաթեթով մասնավորապես նախատեսվում է կրճատել փոխվարչապետների թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը, որի արդյունքում առկա երեք փոխվարչապետի փոխարեն կլինի երկուսը, երկրորդ՝ նախատեսվում է նաև կրճատել նախարարությունների թիվը՝ սահմանելով 12 նախարարություն», - ասաց Զեյնալյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս փոփոխությունների ուղղությամբ գնալու են շատ հավասարակշռված, հանդարտ ճանապարհով և կադրային ջարդ այս պրոցեսի ընթացքում չեն ունենալու։
«Այո կրճատումներ լինելու են, բայց այդ կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ», - ասաց վարչապետը։