Մատչելիության հղումներ

Հայաստանի համար ԱՄԷ-ն կարող է պատուհան լինել Ծոցի երկրների հետ գործակցության շրջանակում. Միրզոյան


Հայաստանի համար Արաբական Միացյալ Էմիրությունները կարող է պատուհան լինել Ծոցի երկրների հետ փոխգործակցության շրջանակներում, այսօր ասել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընդունելով Հայաստանում ԱՄԷ նորանշանակ դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին:

Ըստ Ազգային ժողովի հանրության հետ կապերի վարչության, քաղաքական երկխոսության համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը` ընդգծելով, որ առաջիկայում կձևավորվի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ պատգամավորական բարեկամական խումբը:

Անդրադառնալով հայ-էմիրաթական հարաբերություններին` ԱԺ նախագահը առևտրատնտեսական փոխգործակցությունը խթանելու գործում ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:

«Հայաստանի համար Արաբական Միացյալ Էմիրությունները կարող է պատուհան լինել Ծոցի երկրների հետ փոխգործակցության շրջանակներում, իսկ Հայաստանն իր հերթին Միացյալ Էմիրությունների համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ», - ընդգծել է Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր Ազգային ժողովը շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:

ԱՄԷ դեսպանը համոզմունք է հայտնել, որ ջանքեր կներդնի երկկողմ հարաբերությունների խթանման հարցում՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների: Նա մեծապես կարևորել է ԱՄԷ-ի հայ համայնքի դերը երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման, ինչպես նաև մասնակցությունը երկրի զարգացման գործում:

Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժին, մասնավորապես առանձնացրել նորագույն տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառները, խոսել գործարարության զարգացման ու ներդրումների իրականացման հարցում մեր երկրում ստեղծված հնարավորությունների և ձևավորված բարենպաստ մթնոլորտի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG