Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախարար․ Կրճատումներին վերաբերող փաստաթղթում «չկա կոնկրետ թիվ»


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանտուղազյան
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանտուղազյան

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին մտահոգել է պետական աշխատողների կրճատման մասին տեղեկատվությունը:

Այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ստորագրությամբ մի աշխատանքային փաստաթուղթ, որում տվյալներ կան մինչև 10 հազար պետական աշխատողների կրճատման վերաբերյալ:

Ֆինանսների նախարարությունից փոխանցեցին, որ դա վարչապետի հանձնարարականի կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցումն է:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ասում է, որ 10 հազարը պայմանական թիվ է. - «Այդ փաստաթղթի մեջ չկա կոնկրետ թիվ նշված: Ձևակերպումը ընդամենը վերաբերում ա նրան, որ նույնիսկ եթե խոսքը վերաբերի այ էսպիսի հնարավոր ելքի, միևնույն ա, պետք ա համեմատել այ էդ թիվը և մնացած թիվը, ովքեր որ կարող են շահել, այ էդ թվի հարաբերական կամ պայմանականորեն ասած՝ տուժելուց: Ընդ որում, փակագծերի մեջ ա առնված էդ տուժելը: Որը մեր կարծիքով չի կարող երբեք վերաբերել նրանց, ովքեր որ ստեղծում են արդյունք: Ինչ վերաբերում ա նրան, թե արդյոք հանգիստ ենք վերաբերվում նրան, որ մարդիկ կարող են կրճատվել, իհարկե հանգիստ չենք վերաբերվում: Պետք ա կարողանանք որոշում ներկայացնել․ արդյո՞ք մենք գնում ենք նեղ անձնային, խմբային շահեր սպասարկելուն, թե՞ ճիշտ հակառակը՝ դրանք մեծամասնության շահին ստորադասելով: Սա ընտրություն ա, որը պետք ա կայացնել»:

Փաստաթղթի եզրահանգումների բաժնում, մասնավորապես նշված է․ - «Նախանշված փոփոխությունները չանելու դեպքում, քաղաքացին և գործարարն առօրյա կյանքում շարունակելու են բախվել ուռճացված և տձև ապարատի անհաղթահարելի պատնեշին ու կորցնելու են հավատը համընդհանուր նպատակների և, որ հավանաբար ավելի կարևոր է՝ իրենց հանդեպ»:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին (ԲՀԿ) հետաքրքրում է, թե պետաշխատողների կրճատումն ինչպես է նպաստելու պետության շահերին․ - «Աշխատատեղի տասը հազար մարդ նշանակում է տասը հազար ընտանիք: Ինչպե՞ս կարող է այդքան մարդու կրճատումը նպաստել Հայաստանի Հանրապետության շահին: Միգուցե հարգարժան նախարարները և փոխվարչապետը կունենա՞ն իրենց բացատրությունը Հայաստանի շահ և գործազրկություն այդ ուղիղ կապը տեսնելու»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանն է կառավարությանը հարցնում՝ ինչպե՞ս եք որոշելու, թե ո՞վ ու ինչու՞ է կրճատվելու:

Կառավարությունից արտահոսած այդ աշխատանքային փաստաթղթում մասնավորապես ասված է․ - «նգամ, եթե մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ, ապա դրանից շահելու է հայոց պետականությունը՝ շուրջ 3 մլն քաղաքացի»:

Ընդդիմադիր պատգամավորին մտահոգել է եզրահանգումների այդպիսի բովանդակությունը․ - «Առաջին հերթին այդ անհարգալից վերաբերմունքը տասը հազար քաղաքացիների [նկատմամբ], ու անտարբերությունը նրանց հետագա ճակատագրի նկատմամբ: Սա փորձել արդարացնել պետության կամ երեք միլիոն բնակիչների շահով այն դեպքում, երբ որևէ կերպ չի երևում այդ շահը որտեղ է: Այսինքն՝ արդյո՞ք ուղղակի աշխատավարձների նվազում, թե՞ դրա արդյունքում մենք ունենալու ենք օպտիմալ կառավարում, որի արդյունքում ստանալու ենք ի՞նչ․․․ Ինչո՞ւ հարցի պատասխանը չկա, թե ինչպես են այդ կրճատումները անելու և ինչպե՞ս են ընտրվելու այդ քաղաքացիները: Արդյո՞ք գործելու է արդարության սկզբունքը, թե՞ կրկին խնամի-ծանոթ-բարեկամ, ինչպես նախկինում էդ վատ ավանդույթը մենք ունեցել ենք»:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը վստահ է, որ աշխատող ու ստեղծարար քաղաքացիները պաշտպանելու են իրենց այս քայլը․ - «Էդ պետական համակարգը հո օդից ընկած համակարգ չի՞: Մենք էս մեր քաղաքականության պատճառով յոթ միլիարդ դոլար պարտք ենք կուտակել, որովհետև անընդհատ ոչ-արտադրողական մի հատ մեծ հատված վերցրել-քաշել ենք պետության վրա և անընդհատ աշխատավարձ ենք տվել: Արդյունք չենք ստեղծել, աշխատավարձ ենք տվել: Հիմա պետք ա հակառակ քայլն անենք: Ինչքան էլ ցավալի լինի էդ պրոցեսը, ինչքան էլ էս պրոցեսի արդյունքում մեր քաղաքական ուժի հեղինակությունը կարճաժամկետ առումով կնվազի, մենք այդ պաշարը ունենք և այդ քայլերը պետք է անենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG