Մատչելիության հղումներ

Ռուբեն Բաբայան․ Մշակույթի նախարարը պետք է լինի մշակույթի ներկայացուցիչը կառավարությունում


Մշակույթի նախարարության որոշ ՊՈԱԿ-ների՝ թատրոնների կամ թանգարանների օպտիմալացման մասին Մշակույթի նախարարության կողմից կառավարությանը ներկայացված աղմկահարույց աշխատանքային առաջարկը առիթ դարձավ Ստանիսլավսկու անվան թատրոնում Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի և նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների տնօրենների հանդիպման համար, որը հանդիպման մասնակիցներից մեկի՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի բնորոշմամբ՝ «արդյունավետ քննարկում էր»:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռուբեն Բաբայանը շեշտեց նաև, որ համատեղ այդ քննարկումը բոլորովին էլ չի նշանակում, որ պրոբլեմը լուծված է, որովհետև այս պրոբլեմը չի լուծվում արդեն գրեթե 30 տարի՝ Հայաստանի անկախացումից ի վեր․ - «Պրոբլեմը հետևյալն է․ բյուջեում փող չկա, պետությունը փող չունի տալու, փորձում է կրճատել: Բայց պետությունը չի ուզում միաժամանակ բացի ուրիշ սնուցման աղբյուրներ, որոնք ենք մեկենասությունը և հովանավորչությունը, որ ընդունված է ամբողջ աշխարհում: Չկա զարգացած երկիր, որտեղ մշակույթը հույսը դնի միայն պետական բյուջեի վրա: Եվ պետք էլ չի դա: Եվ եթե բացվեն այդ աղբյուրները, կարող է առաջինը ես լինեմ, որ հրաժարվեմ պետական սնուցումից»:

Ռուբեն Բաբայանը հիշեցրեց, որ տասնամյակներ ի վեր խոսվում է, որ բոլոր թատրոնները պետական են, մինչդեռ իրականում, նրա համոզմամբ, մենք ոչ մի պետական թատրոն չունենք․ - «Պետական թատրոնը նշանակում է հարյուր տոկոսանոց պետական ֆինանսավորման վրա նստած թատրոն, ինչպես Կոմեդի Ֆրանսեզն է, ինչպես Գրանդ Օպերան է: Մեր թատրոնները պետական աջակցություն ստացող թատրոններ են, որը էլի կա ամբողջ աշխարհում, բայց դրա հետ մեկտեղ գործում են այդ աղբյուրները՝ մեկենասական, հովանավորչական: Ընդ որում, հաճախակի՝ պետական մակարդակով: Փորձեմ բերել երկու օրինակ․ Մեծ Բրիտանիայում վիճակախաղը պետական մենաշնորհ է, վիճակախաղից առաջացած ամբողջ գումարը գնում է մշակույթի զարգացմանը: Գերմանիայում ծխախոտի վաճառքի, խմիչքի վաճառքի ամբողջ ակցիզները գնում են մշակույթի զարգացմանը: Մեզ ավելի մոտ՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվա․ էլի ծխախոտի վաճառքի, ալկոհոլի վաճառքի ակցիզները գնում են սպորտի և մշակույթի զարգացմանը»:

Այս և նման օրինակները հուշում են Ռուբեն Բաբայանին, որ կառավարման նոր հեծանիվ այս առումով պետք չէ հնարել, պետք ուղղակի նորմալ օրենսդրական դաշտ ունենալ՝ կարգավորելու համար արվեստի ու մշակույթի ֆինանսավորման խնդիրները, ինչպես արվում է առաջատար, զարգացած երկրներում:

Ռուբեն Բաբայանն ասաց, որ երեկ Նազենի Ղարիբյանին է հանձնել 13 էջանոց համապատասխան փաստաթուղթ, որտեղ ամբողջովին ներառված են մշակույթի ոլորտի ֆինանսավորման եվրոպական երկրներում գործող օրինակները:

Բաբայանի համոզմամբ, օրենսդրական դաշտի որոշակի կարգավորումներից հետո մշակույթը, թատերարվեստն ու այլ որոլտները կարող են իսկական զարգացում ապրել, կստեղծվեն նոր հնարավորւթյուններ, նոր թատերախմբեր․ - «Մեր այսօրվա համակարգը փակել է այդ ճանապարհը, այդ ճանապարհը չկա երիտասարդների առջև: Կառավարության քաղաքականությունը բերում է մի շատ պարզ լուծման․ ուզո՞ւմ եք լուծել էս հարցը, փակեք բոլոր թատրոնները: Բյուջեն կխնայեք: Եթե խնդիրը բյուջեն խնայելն է, պետք է փակել բոլոր թատրոնները, բոլոր թանգարանները: Անձամբ ես առաջարկել եմ առաջնայինը, որպեսզի Մշակույթի նախարարությունը սկսի աշխատել մեկենասության և հովանավորչության մասին օրենքի վրա»:

Նազենի Ղարիբյանի հետ հանդիպման ընթացքում ամենակարևորը, Ռուբեն Բաբայանի գնահատմամբ, երկկողմանի հետևյալն համաձայնությունն է եղել․ - «Մենք ասացինք, որ մենք ուզում ենք տեսնել Մշակույթի նախարարությունն և Մշակույթի նախարարին որպես մեր ներկայացուցիչը կառավարությունում, այլ ոչ թե կառավարության ներկայացուցիչը մշակույթում: Որովհետև առ այսօր շատ երկար ժամանակ Մշակույթի նախարարությունը կատարում է Ֆինանսների նախարարության ստորաբաժանման դերը: Նազենի Ղարիբյանը ևս արձանագրեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի լինի մեր ներկայացուցիչը կառավարությունում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG