«Շնորհավորում եմ ձեզ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ», - լրագրողներին ասաց Արմեն Սարգսյանը՝ նախապես նշելով, որ խոսելու է միայն օրվա առիթով:
Հնչած հարցերի ճնշող մեծամասնությունը, սակայն, վերաբերում էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը․ արդյո՞ք Մարտի 1-ը բացահայտող իշխանության օրակարգում կա Հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցը:
«Ես կարծում եմ, Հոկտեմբերի 27-ը հսկայական ողբերգություն է մեր ազգային պատմության մեջ և համապատասխան արժանի գնահատականը պետք է ստանա, պատմական գնահատականը: Պատմականի մեջ մտնում է նաև իրավականը», - հայտարարեց Հայաստանի նախագահը:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, թեև իրեն հարցի հասցեատերը չի համարում, բայց կարծում է, որ ժամանակի հարց է․ - «Իհարկե, դա ինչ-որ գործընթաց է, որը որ ապահովվելու է, ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կգտնի»:
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտումը անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության տեսանկյունից․ - «Այժմ որևէ խոչընդոտ որևէ գործի բացահայտման համար չկա: Պարզապես կան առաջնահերթություններ: Հերթով: Հայաստանը պետք է դառնա այնպիսի երկիր, այնպիսի հզորությամբ և ինքնիշխանությամբ, որ իր երկրում տեղի ունեցած ցանկացած հանցագործություն պետք է բացահայտվի: Առավել ևս, ինչ վերաբերում է մեր պետությանը՝ Մարտի 1 թե Հոկտեմբերի 27, մենք ունենալու ենք այդ բացահայտումները: Մարտի 1-ը տեսնում եք ինչ արագությամբ և ինչպիսի տեմպով է գնում առաջ»:
Ազատամարտիկ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար անհրաժեշտ է նախ դառնալ տնտեսապես ուժեղ, կայուն պետություն․ - «Բայց որ կբացահայտվի հետագայում՝ չկասկածեք: Ամբողջ աշխարհի դեմ գնդակահարվեց մեր կառավարության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, փոխխոսնակները Ազգային ժողովի․․․ Մենք չենք կարա ամեն ինչ բերենք միանգամից անենք․․․ Էն փոսը, որ փորել է նախորդ իշխանությունը, պտի կամաց-կամաց լցենք»:
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, «Ազատության» հետ զրույցում Հոկտեմբերի 27-ի բացահայտումը հնարավոր էր համարել տնտեսապես հզորանալու կամ Ռուսաստանում իշխանափոխության դեպքում:
Հայաստանի և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանը 60-ամյակը հանդիսավորությամբ նշվել է նաև Արցախում: Մասնակիցների թվում է եղել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: